Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հավանության է արժանացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Ապրիլ 23,2014 13:22

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարել դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես  գործարար աշխարհի ներկայացուցիչներին, այնպես էլ հանրությանը: Նա հիշեցրել է, որ բիզնես միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:

Կառավարության նիստում քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը, ինչի շնորհիվ զգալիորեն կավելանա ներկրման ծավալը և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ մուտքեր կապահովվեն ՀՀ պետբյուջե: Կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

ՀՀ կառավարությունն իր նիստում քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի  մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի գործողությունը դադարեցնելու օրինագծերը քննարկել երկու ընթերցմամբ, քանի որ դրանց երրորդ ընթերցմամբ քննարկելու անհրաժեշտություն որպես կանոն չի լինում: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

Քննարկված հաջորդ օրինագիծը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծն է, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ  պատգամավորներ Արտակ Սարգսյանը և Արթուր Ստեփանյանը: Նրանք առաջարկում են ճշգրտել և առավել հստակեցնել վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացությունը: Կառավարության եզրակացության համաձայն նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ընդունել ևս մեկ առաջարկություն. միայն այդ դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում  փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը միտված է տեխնիկական զննության կտրոնը ավտոմեքենայի  դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնի դեպքում: Առաջարկվում է նաև տրանսպորտային միջոցի տեխզննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարում հին տրանսպորտային միջոցի տեխզննման ժամկետը հավասարեցնել նորի ժամկետին, ուստի նախաձեռնության հեղինակներին առաջարկում է համագործակցել կառավարության հետ և Ազգային Ժողով ներկայացնել մեկ միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ:

Նիստում քննարկվել է «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակը հեղինակները համարում են այդպիսի անձանց բացահայտումը, նույնացումը, ինչպես նաև օժանդակության ցուցաբերումը, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման արդյունավետ և լիարժեք ապահովումը: ՀՀ կառավարությունը համակարծիքի է, որ նշված հարաբերությունները պետք է կարգավորվեն առանձին օրենքով: Այդ նպատակով դեռ 2007 թվականին ստեղծվել է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի խորհուրդ: ՀՀ ոստիկանությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման մասին» օրինագծի և ևս երկու օրենքների փոփոխության նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է  հանրային քննարկման, իսկ բոլորովին վերջերս՝ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի նիստում հավանության է արժանացել և ներկայացվել ՀՀ Ազգային Ժողով: Ելնելով այս իրողությունից, նախագծի հեղինակներին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ և խորհրդարան ներկայացնել նախագծերի մեկ միասնական փաթեթ:

Գործադիրը քննության է առել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նրա առաջարկած փոփոխությունն ուղղված է բացառելու հատուկ ձևով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել և հիմնավորել այն: Մասնավորապես, նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափ ծալված կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց:

Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2013թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առավել հրապարակային կդառնա Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930