Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը կդառնան «ընդդիմադիր»

Ապրիլ 23,2014 13:15

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վերջերս մի կանխատեսում է արել, որի հետ այս անգամ ես լիովին համաձայն եմ: Նա կանխատեսել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան, կլինեն զուտ «ընդդիմադիր»: Այո, շատ հավանական է, որ այդպես էլ լինի՝ դատելով քաղաքական ուժերի այսօրվա հռետորաբանությունից:

«Կորչեն թալանչիները»,- գոռալու են նրանք, ովքեր վերջին 20 տարվա այս կամ այն ժամանակահատվածում զբաղվել են թալանով եւ միլիոնատեր դարձել:

«Կորչեն արագաչափերը՝ դրանց սաղ փողը լցվում է Սաշիկի գրպանը»,- բացականչելու են նրանք, ում գրպանն այս ընթացքում լցվում էր քաղաքացիներից հավաքված բազմաթիվ գումարներով:

«Բա էլ խեղճ ժողովուրդը ո՞նց ապրի` բացի պանդուխտի ցուպը բռնելուց»,- ծնկներին են խփելու նրանք, ովքեր այդ նույն ժողովրդի հաշվին պալատներ են կառուցել:

«Կորչեն մադրիդյան սկզբունքները՝ ոչ մի թիզ հող դարավոր ոսոխին»,- կուրծք են ծեծելու մադրիդյան սկզբունքների համահեղինակները:

«Թույլ չենք դա պետական ռեկետ՝ կուտակային կենսաթոշակի տեսքով»,- երգչախմբով երգելու են «կուտակայինի» երբեմնի ջատագովները:

Մի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հեծնելու են «պոպուլիստական ձիուկները», եւ ոչ ոք չի ցանկանա բացատրություն տալ՝ եթե ամեն ինչ իրոք այդքան վատ է, ես ի՞նչ եմ արել, որ այս վիճակը չստեղծվի: Ժողովրդին դուր եկող ճառեր արտասանելը բոլորն են սովորել, չնայած միեւնույն է՝ ոչ ոք 90-ականների Արշակ Սադոյանին չի գերազանցի: Թե՛ հիմա եւ թե՛, բնականաբար, ընտրությունների ժամանակ, չկան եւ չեն լինի իրավիճակի սթափ, սառը գնահատականներ, որոնք չեն կարող լինել միայն հասարակական բողոքների արտացոլումը:

Պակասում է նաեւ առաջնայինի եւ երկրորդականի հստակ բաժանումը: Պարզ է, որ կուտակայինի, արագաչափերի եւ «կարմիր գծերի» թեմաներով ավելի հեշտ է մարդկանց գրգռել: Ղարաբաղի հարցը, Մաքսային միությունը, արդար ընտրությունները պակաս «ժողովրդահաճո» թեմաներ են:

Ինձ թվում է, եւ դրա հետ շատերը, գոնե զուտ ձեւականորեն, համաձայն են, իշխանության լեգիտիմության խնդիրը առանցքներից մեկն է, որից բխում է մնացածների զգալի մասը: Շարունակում եմ պնդել, որ այդ խնդիրն այսօր իր ամբողջ ծավալով անլուծելի է: Բայց առաջին քայլը ես պատկերացնում եմ այսպես. Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները դիմում են մեր քաղաքացիներին եւ ասում. «Սիրելի հայրենակիցներ, մեր ղեկավարությամբ կեղծվել են բազմաթիվ ընտրություններ եւ սահմանադրական երկու հանրաքվեներ: Ցավում ենք դրա համար` թող իրավապահ մարմինները պարզեն յուրաքանչյուրիս մեղքը: Բայց որպես քաղաքական քայլ պարտավորվում ենք այլեւս չմասնակցել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ո՛չ անհատապես, ո՛չ էլ որեւէ կուսակցական ցուցակով»:

Դա ավելի արժեքավոր կլինի, քան «կարմիր գծերի» մասին ժողովրդահաճո խոսակցությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ավելի շուտ այլմոլորակայիններին կտեսնենք սրճարանում սուրճ խմելիս, քան կլսենք մեր երեք Նախագահների խոստովանական կոչը ուղղված ժողովրդին։

  2. Լավատես says:

    Դժվար է ընտրել քո ուզած ընձուխտին, երբ քեզ հրամցնում են ընտրության համար գետաձիուն, կապիկին ու փղին, նույնիսկ եթե մաքուր, առանց խարդախության ընտրություններ են անցկացվում: Մեզ ոչ թե ժողովրդավարություն է պետք, այլ մտավորականավարություն: Ժողովուրդը արժանի է իր մտավորականությանը, իսկ մտավորականությունը արժանի է իր պետությանը: Ժողովուրդը պետք է ընտրի իր մտավորականներին, ուժ ու կամք ունենա նրանց պաշտպանելու, իսկ իսկական մտավորականները իրենց միջից լավագույներին պետք է ընտրեն որպես պետպաշտոնյա: Ասում են, մոնղոլ թաթարների ռազմական հաջողությունների գրավականը կայանում էր նրանում, որ տասը հրամանը խախտած զինվորի հետ միասին հարյուր հրաման չխախտած զինվորի էին վերացնում: Բոլոր դեպքերում, եւ ժողովուրդը, եւ մտավորականությունը իրենց ընտրության համար պատասխանատվություն են կրում:

  3. Զավեն says:

    Սադոյանը շատ ճիշտ էր, երբ հարցնում էր թե ինչ փողով է ազգային ժողովի նախագահը “Մարլբոռո” ծխում, այն պարագայում երբ Հայաստանի քաղաքացիների ապրում էին շատ ծանր պայմաններում և “Մարլբոռո” միայն ամերկյան ֆիլմերում էին տեսել:Սխալը հենց մենք էինք,որ չպաշտպանեցինք Սադոյանին,ասելով,- ինչի ա սենց մանր բաների հետեվից ընկել,ըստ հայի մեծահոգությամբ,կամ քաղքենիությամբ ասացինք,- դե հիմա մարդ ա բաշարում ա անում ա,հենց այսպիսի մոտեցումը բերեց նրան,որ այսօրվա իշխանությունները էլ ավելի շատ են բաշարում:

    • Gevorg says:

      Այո՛,Զավենի հետ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ համաձայն եմ։ Հարևանիդ տնից աչքիդ առաջ ինչ որ բան թռցնեն բերաններս փակ կպահենք(դե մենք հո ‘ոզ չենք),դպոցում դրամահավաք ա՝լուռ ենք(հո գործտվող չենք),չինովնիկը թալանում ա՝լուռ ենք(ախպեր չուզող ե՞ս)։Так что,не подайте духом,налейте вина

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930