Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ «տղամարդու» ջղաձգումները

Ապրիլ 23,2014 13:10

Կամ՝ ինչո՞ւ է «նյարդացել» «վոյինը»

Ռոբերտ Քոչարյանը նորից խոսեց, նա կրկին հարցազրույց է տվել իր ոչ պաշտոնական` 2rd.am կայքին:

Առիթը վերջերս Սերժ Սարգսյանի կողմից արված սահմանադրական փոփոխությունների առաջարկն է` անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Սակայն Քոչարյանի արձագանքի տողատակերն, իհարկե, ավելին են, քան սահմանադրական բարեփոխումների առաջարկների թեմային անդրադարձը, որը նախ՝ ոչ դեռ քննարկված է, ոչ էլ, առավել եւս, հասարակության կողմից ընդունված: Բայց Քոչարյանը հարկ է համարել արձանագրել. «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»:

Հետաքրքիր է, թե երբվանից է սկսել Քոչարյանը հանդես գալ հասարակության անունից: Իսկ այն, որ իր հովանավորյալ կուսակցությունը` ԲՀԿ-ն, ժամանակին կարեւորում էր կառավարման խորհրդարանական համակարգին անցումը, այսօր` ոչ, սա էլ, կարծես, պակաս «կասկածելի» փաստ չէ:

Ինչեւէ, ինչպես այսօր, այնպես էլ Քոչարյանի իշխանավարման տարիներին չի եղել երկրի առջեւ ծառացած որեւէ կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտեր Սահմանադրությունը. այստեղ բանավիճելը նույնիսկ ավելորդ է: Թեեւ Քոչարյանը հանգամանորեն բացատրում է, որ սահմանադրական բարեփոխումն իր կառավարման տարիներին դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից եւ Եվրախորհրդին անդամակցության պարտավորություններից մեկը, եւ երեք կարեւորագույն հանգամանք է նշում` ժողովրդավարական նորմերին նրա անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցությունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները եւ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, սակայն, այնուամենայնիվ, օրենքից, Սահմանադրությունից եւ ժողովրդավարությունից` Քոչարյանի կողմից մտքեր լսելը, համաձայնեք, բավական անսովոր է, եթե չասենք` խիստ զավեշտալի:

Երեք «նախագահական ընտրություններ» կոչվող միջոցառումներ են անցկացվել Քոչարյանի իշխանավարման տարիներին, վերջինը՝ 2008-ին, Մարտի 1-ի տասը զոհերով, թեեւ այս մասին երբեմնի «շահագրգիռ» ուժերն այսօր այնքան էլ չեն նախընտրում խոսել: Կարեն Դեմիրճյանի, ապա Ստեփան Դեմիրճյանի մասնակցությամբ անցկացված երկու ընտրություններ` 1998-ին ու 2003-ին, մամուլի նկատմամբ, մեղմ ասած, վատ վերաբերմունք` Քոչարյանի իշխանության տարիներին, մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ, Հոկտեմբերի 27… Այս ամենից 15 տարի է անցել, եւ գուցե Քոչարյանին արդեն թվում է, որ սա բավական ժամանակ է, որպեսզի «վոյինի» բաղձալի ժամանակները մեր հասարակությունը կարոտի:

Անցյալ տարի հունվարին Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էր երեք պատճառ, որոնք դրդել էին իրեն ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց։ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում Քոչարյանը, արձագանքելով հարցին, թե իր՝ նախագահական ընտրություններին մասնակցելու առումով որոշակի սպասումներ կային, սակայն դա տեղի չունեցավ, նա որպես առաջին հանգամանք՝ նշել էր. «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»:

Ինչպես երեւում է, Քոչարյանն արդեն իրեն հաջորդողին ոչ միայն ցանկանում է հաջորդել, այլեւ դեմ չէր լինի նաեւ հիմա էլ կառավարել` «փոխարինելով» Սերժ Սարգսյանին:

Իրականում Քոչարյանի վերջին հարցազրույցի հիմքում ընկած է Սերժ Սարգսյանի` օրեր առաջ արտահայտած հետեւյալ միտքը. «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս նախադասությունը Քոչարյանը, հավանաբար, համարել է իր ապագա ծրագրերի հանդեպ բավական կոնկրետ ակնարկ եւ այդ իսկ պատճառով իր հարցազրույցով որոշել է «ըստ արժանվույն» հակադարձել:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության «արդյունքներով», այո՛, հպարտանալու առիթներ իսկապես չկան, բայց նույն պաշտոնյան կարծես վատ չի «աշխատել» նաեւ Քոչարյանի կառավարման տարիներին` բավական պատասխանատու պաշտոններում: Ճիշտ է, որ Հովիկ Աբրահամյանը «ծանր ժառանգություն» է ստացել իր նախորդից, սակայն նրան «անկեղծորեն հաջողություն մաղթելով»՝ Քոչարյանը, կարծես, մի տեսակ դժգոհ է, որ Հովիկ Աբրահամյանը համաձայնել է ղեկավարել կառավարությունը:
Ռոբերտ Քոչարյանի այսպիսի ռեակցիայի պայմաններում հետաքրքրականն այն է, որ նա դեռ վստահեցնում է, թե չի պատրաստվում բանավիճել Սերժ Սարգսյանի հետ… Ինչպես երեւում է, նա արդեն անցնում է գործի` բանավեճը համարելով այլեւս անիմաստ: «Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»,- ասում է Քոչարյանը:

Երկրորդ նախագահի «անկեղծ մտահոգությունները», կարծես, սկսում են ավելի ու ավելի նմանվել «նյարդացած» ջղաձգումների:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Lilit says:

    Զարմանալի է այն կարծիքը, ու Սերժն ու Ռոբը կարող են տարաձայնություն ունենալ..այն էլ լուրջ….Ով է տեսել 3 գլխանի հրեշի գլուխները իրար հետ կռվեն? Չկա էդպիսի բան,, Նրանք ունեն ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ……Այսինքն տարբերակ չունեն վիճելու….Ու այս կոնֆլիկտի իմիտացիան բացի վատ հումորից ուրիշ զգացողություն չի առաջացնում.Զբաղեցնում են մեզ իբր.

  2. David says:

    Երկուսով են միա*կը:Չէ հա երկուսով մեկը չարժեն ինչպես կլինեն միակը:

  3. Maxim says:

    Lilit-ի մեկնաբանությունը՝ 100%-ոց ճշմարտություն է։ Կուզեմ ավելացնել, որ մեր ազգի միակ որցը, որը ոչ մեկ անգամ է ապացուցել այն, ցանկանում է ևս հաջորդ անգամ կամ հերթական անգամ, ողջ ազգի տղամարդկանց եվլուղ դարձնել, կհաջողվի թե՛ ոչ ժամանակը ցույց կտա, բայց որ նրան արդեն եվլուղ դարձածները քիչ չեն,՝ դա փաստ է։

  4. Gohar says:

    Կիսատ գործեր է թողել,գալիս է ,որ ավարտի:Ինչ պինդ ճակատ ունի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930