Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի մի քանի նկատելի կուսակցությունները «հասարակական տրամադրություն» չե՞ն արտահայտում. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 23,2014 12:57

Նախկին նախագահը չի զլացել եւս մեկ անգամ քննադատական անդրադարձ կատարել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուն, ապա Ռոբերտ Քոչարյանը նկատել է. «Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»:

Ի դեպ, ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանին, ապա թերեւս արժե հիշեցնել, որ նրա կողմից այդքան քննադատված Տիգրան Սարգսյանը 1998-2008 թվականներին եւս ոչ պակաս բարձր պաշտոն է զբաղեցրել՝ եղել է երկրի Կենտրոնական բանկի նախագահը:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է 2005 թվականին իրականացված սահմանադրական փոփոխություններն ու լրացումները, եւ հասկանալի է, որքան քննադատում կամ կասկածելի է համարում ներկայիս գործընթացը, նույնքան հիմնավորված ու արդարացված է ներկայացնում իր պաշտոնավարման շրջանում կատարվածը:

Այնուհանդերձ ինչ վերաբերում է կոնկրետ փոփոխությունների հասունացմանը կամ հասարակական տրամադրություններին, ապա արժե նկատել, որ առնվազն մի քանի կուսակցություն, այդ թվում՝ Ռ.Քոչարյանի նախագահության շրջանում իշխանության մեջ եղած ՀՅ Դաշնակցությունը, նաեւ՝ նախագահական վերջին ընտրություններում ավելի քան կես միլիոն ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությունը», չհաշված մյուսներին, շարունակ նշում են «համակարգային փոփոխությունների» կարեւորությունը:

Ավելին, օրինակ, Դաշնակցությունը, մինչեւ վերջին կտրուկ շրջադարձը, նաեւ շատերի կողմից Ռ.Քոչարյանի անվան հետ կապվող «Բարգավաճ Հայաստանը» հանդես էին գալիս խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու օգտին: Ցանկացած պարագայում, թե՛ «համակարգային փոփոխությունները», թե՛ կառավարման մոդելի փոփոխությունը ենթադրում են սահմանադրական որոշակի շտկումներ առնվազն: Իսկ արդյոք երկրի մի քանի նկատելի կուսակցությունները «հասարակական տրամադրություն» չե՞ն արտահայտում:

Հարկավ սահմանադրական փոփոխությունների գնալ-չգնալու հարցում ամեն մեկը կարող է իր համոզմունքն ունենալ, բայց դրանից դեռ չի հետեւում, որ եթե նման գործընթացի նախաձեռնություն է ցուցաբերվել, ապա դրա տակ անպայման «մի մութ բան կա»:

Տարօրինակ է նաեւ արտաքին ճնշումների մասին նախկին նախագահի ակնարկը: Քանզի դա գալիս է լրացնելու ժամանակին արծարծված այն դրույթը, թե 2005-ին սահմանադրական փոփոխությունները գերազանցապես դրսի պարտադրանքով են կատարվել: Այն տարիներին, ի դեպ, ակնհայտորեն, նման փոփոխությունների հասարակական տրամադրություն ու պահանջ հաստատ չկար:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930