«Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով հետաքրքրված մարդկանց թիվը զգալիորեն աճել է: Ապրիլի 24-ի առավոտից ցույցեր տեղի կունենան Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, Թուրքիայի համալսարաններում արդեն մեկնարկել են այս թեմայով քննարկումներ: Այդպիսի հավաքներ կլինեն նաև Անկարայում, Մարաշում, Անթալիայում և այլ քաղաքներում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Իրադրությունը Թուրքիայում և Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ տեսազանգի միջոցով այսպիսի կարծիք հայտնեց IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար, լրագրող Արիս Նալչին:
Նա նշեց, որ թուրք հասարակության մեջ, իհարկե, փոքր, բայց փոփոխություն է տեղի ունենում, բայց կառավարչամեքենան նույն գործունեությունն է շարունակում. «Թուրքիայի կառավարության միտքը նույնն է»:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, կիսելով այս կարծիքը, նշեց. «Վերջին տասը տարիներին նորություն էր թուրք հասարակության որոշակի շրջանակներում Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումների ակտիվացումը, գրքերի, հոդվածների հրապարակումը: Բայց միևնույն ժամանակ սրանք պարունակում են թաքնված վտանգներ: Մասնավորապես թվացյալ պրոհայկական ձեռնարկների ներքո ոչ այնքան պրոհայկական ձեռնարկներ են տարածվում»:
Հարցին՝ արդյոք Հայաստանը բավարար չափով պատրա՞ստ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում, որ 100-ամյակը ֆետիշացվի, որ եթե հարյուրամյակից հետո ոչ մի բան չանենք, ապա ամեն բան կորցված է: Ցեղասպանությունն այնպիսի հանցագործություն է, որը ժամանակային սահմանափակումներ չունի: Կլինեն ավանդական միջոցառումներ, կոնֆերանսներ, հրատարակումներ, բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ կարողանանք հարցը իրավական դաշտ տեղափոխել»:
Կարդացեք նաև
Արիս Նալչին թուրքական հասարակության ակտիվացման սահմանագիծ համարեց 2005 թվականը ու նշեց. «2005-ը մի կետ է, որից հետո ամեն ինչ փոխվեց: Այդ տարիներից սկսած Ստամբուլի համալսարաններում սկսեցին կազմակերպվել Հայոց ցեղասպանության մասին հավաքներ: Ապրիլի 24-ի հավաքները, իհարկե, ոչ բավարար, բայց մեծ քայլ էր: Այս տարի ավելի մեծ հավաքներ են լինելու»:
Նշենք, որ այս հավաքներին մասնակցում են նաև քրդերը: Նրանց այս մոտեցումը պարոն Մելքոնյանն այսպես մեկնաբանեց. «Քրդերի մի մասը շատ ծանոթ լինելով այդ դեպքերին և մեղսակից ու մասնակից լինելով այդ ամենին՝ եկել են խոստովանման փուլին: Մեր պատմական հայրենիքի վայրերում քրդերն են ապրում, իրենց մանկությունն անցել է հայկական կոտորածների մասին պատմություններ լսելով»:
Արիս Նալչին մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան Ամերիկայում և Եվրոպայում ուղղակի ուզում է ծրագրեր գնել 1915-ին ընդառաջ, բյուջեից լոբբիստական գործունեության համար հսկայական գումարներ են հատկացվելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ