Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Արձանագրությունները կատարել են իրենց միսիան, ուրեմն եկել է դրանցից Հայաստանի ստորագրության հետկանչի ժամանակը». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 23,2014 12:37

Հատված թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Հայ-թուրքական արձանագրությունների մասին Հայաստանի նախագահի՝ օրերս ասված խոսքում պարզորոշ շեշտադրվեց, որ, ի տարբերություն հայկական կողմի անկեղծ մղումների, Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց եւ գործընթացը մղեց փակուղի։ Նույն ընթացքում նախագահի մամուլի քարտուղարը տարածեց հայտարարություն, ուր ակնարկ կա, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կհնչեն քաղաքական հայտարարություններ: Ի՞նչ հետեւություններ կարելի է այստեղից անել։

-Եթե նախագահի հայտարարությունը համադրենք նրա մամլո խոսնակի հայտարարության հետ, նաեւ հաշվի առնեք առկա իրողությունները, ապա պետք է մտածել, ինչպես շեքսպիրյան հայտնի հերոսն է ասում` «Մավրը արեց իր գործը, մավրը պետք է հեռանա»: Այսինքն՝ այդ արձանագրությունները կատարել են իրենց միսիան, ուրեմն եկել է դրանցից Հայաստանի ստորագրության հետկանչի ժամանակը:

Իսկ այդ իրողությունները հետեւյալն են. մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սփյուռքը շարունակում է պահանջել արձանագրություններից հետ կանչել Հայաստանի ստորագրությունը: Եվ վերջապես, Թուրքիայում սպասվում է իշխանափոխություն ու ամենայն հավանականությամբ նախագահ կդառնա ագրեսիվ քաղաքականություն որդեգրած էրդողանը։ Կարծում եմ, նման իրավիճակում այդ արձանագրությունները կյանքի կոչվելու ոչ մի հույս այլեւս չկա, ուստի դրանց տակ Հայաստանի ստորագրության պահպանումը անիմաստ է, եւ հարկ է այն հետ կանչել:
Այս իմաստով թերեւս ապրիլի 24-ին Հայաստանի նախագահի սպասվելիք հայտարարությունը կարող է լինել բավական կտրուկ:

-Միջազգային հանրությունը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերություններում փակուղու ստեղծման մեղավորը Թուրքիան է, իսկ քանի որ գնդակը նրա դաշտում է, կարգավորման ուղղությամբ աշխարհը ճնշում է գործադրում հենց Թուրքիայի վրա: Եթե այսօր Հայաստանը հետ է վերցնում իր ստորագրությունը, ապա դրանով չի՞ թուլացնում Թուրքիային ուղղված աշխարհի ճնշումը:

-Թուրքիան այսօր շատ խոցելի պետություն է, եւ այնքան շատ են խնդիրները, որոնք միջազգային հանրությանը ցանկացած պահի կարող են հնարավորություն տալ տարբեր ճնշումներ գործադրել այդ երկրի վրա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա սրանք ամենեւին էլ այդ խնդիրների կամ լծակների շարքում վճռորոշ դեր չունեն:

Մյուս կողմից՝ ռեալ քաղաքականության մեջ, ցավոք, շատ հաճախ անտեսվում ու մոռացվում են Թուրքիայի կողմից իրականացվող բռնությունները, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները: Եվ այս ամենի պատճառն այն է, որ գերտերությունների համար կարեւորվում է Թուրքիայի աշխարհագրական դիրքը, նրա ռազմավարական նշանակությունը, փոխարենը անտեսվում են համամարդկային, բարոյական արժեքները:

Ուստիեւ չեմ կարծում, որ միջազգային հանրությունը Թուրքիա պետությանը լրջագույն ճնշումների է ենթարկում հայ-թուրքական արձանագրությունները չստորագրելու համար:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930