«Տաշիր» բարեգործական հիմնադրամի իրականացրած մի շարք ծրագրեր վաղուց արդեն դարձել են ավանդական: Եվ ավանդույթի ուժով առաջիկայում ևս կիրականացվեն ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել նաև անցած տարիներին:
Մասնավորաբար, առաջիկայում հանրապետության բոլոր մանկատների շրջանավարտներին կհանձնվեն իրենց անվանական բանկային քարտերը: Ինչպես հայտնի է, արդեն 6 տարի շարունակ Կարեն Կարապետյանի աշխատավարձը համամասնորեն փոխանցվում է տվյալ ուստարվա շրջանավարտների անուններով բացված հաշվեհամարներին, իսկ ուստարվա վերջին որոշակի գումար հավելվում է հիմնադրամի կողմից: Այս տարի ևս հունիսին 30 շրջանավարտներ կստանան իրենց գումարները:
Կարապետյանների ընտանիքի համար կարևոր նշանակություն ունեն երիտասարդների թե բարձրակարգ կրթության, թե ինքնադրսևորման հնարավորությունները, թե նրանց լիարժեք հանգիստը, որը ևս ուղեկցվում է մտավոր ներուժի զարգացմանն ուղղված միջոցառումներով: Այդ նպատակով տարիներ շարունակ Ծաղկաձորում կազմակերպվում են եռօրյա հավաքներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ 2000 երիտասարդ: Մայիսի առաջին տասնօրյակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նման հնարավորություն կընձեռի լոռեցի ևս 300 երիտասարդների:
Ինչ վերաբերում է ընթացիկ ծրագրերին, ապա արդեն ամբողջովին տպագրության է պատրաստ և շատ շուտով ընթերցողի սեղանին կդրվի «Երկիր դրախտավայր. նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հանրագիտարանային ժողովածուն: Այն ընդգրկելու է մ.թ.ա ժամանակներից մինչ ներկայիս 250 խոշորագույն օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները:
Արդեն ավարտին է մոտենում Տաշիր քաղաքի մանկապարտեզի շինարարությունը, զգալի աշխատանքներ են կատարվել նաև Ստեփանավանի համանման մանկապարտեզի և Լոռու մարզային առողջապահական կենտրոնի շուրջ 4000 քմ տարածքով ծննդատան կառուցման ուղղությամբ: Աշխատանքների տեմպերը վկայում են, որ այդ կառույցները, որոնց համար ներդրվում է ավելի քան տասը միլիոն դոլար, շահագործման կհանձնվեն նախատեսված ժամկետներում:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն