«Քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ, ես կառավարության կայքէջում ներկայացրել եմ իմ դիրքորոշումը այս հարցի շուրջ եւ ուղերձով հանդես եմ եկել, խնդրում եմ նայեք»,-այսօր կառավարության նիստում ասաց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների խնդրին:
Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց տույժերից ու տուգանքներից ազատել այն գործատուներին, որոնք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն չեն կատարի աշխատողի պարտադիր կենսաթոշակի գումարները:
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի, ներկայացված նախագծի համաձայն, որը հավանության արժանանալուց հետո պետք է ներկայացվի Ազգային ժողով, առաջարկվում է կկասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, որով գործատուն ենթարկվում է տույժ ու տուգանքների, եթե չի վճարում պարտադիր վճարները:
Համաձայն նախագծի, գործատուն ազատվում է 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված տույժերից ու տուգանքներից:
Կարդացեք նաև
Նշենք, որ ներկայումս գործատուն, եթե չկատարեր այդ պարտադիր վճարները, յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարեր 0,15 տոկոս տույժ, ինչպես նաեւ հարկային մարմինը պարտավոր էր դիմել դատարան՝ անձին սնանկ ճանաչելու պահանջով:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունն, ըստ Արտեմ Ասատրյանի, պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի թիվ 1142 որոշման ընդունմամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ