Սույն թվականի հունվարի 17-ին հայտնաբերված 927 կգ հերոին տեսակի թմրանյութի գործով նախաքննությունը սպասվում էր կավարտվի օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին։ Այս մասին այս գործի շրջանակներում կալանավորված Օսման Ուգուրլուի պաշտպան Արտակ Գարոյանի հետ զրույցում հայտնել է սույն գործով քննիչը։
Նշենք, որ Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի՝ 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց։ Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում, ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, հայտնաբերվել է առաջին անգամ։ Սույն գործի շրջանակներում կալանավորվեց երկու անձ՝ Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, բեռնատարի վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլին:
41-ամյա Օսման Ուգուրլուի պաշտպան Արտակ Գարոյանը, պատասխանելով հարցին, թե այս երեք ամիսների ընթացքում ի՞նչ կոնկրետ գործողություններ են կատարվել իր պաշտպանյալի մասնակցությամբ, ասաց, որ երեք-չորս անգամ Օսման Ուգուրլուն հարցաքննվել է:
Վերջինիս խոսքով, սույն գործը առանձնապես բարդ գործ չէ, ըստ նրա՝ մարդկանց շփոթության մեջ է գցում հայտնաբարված 927 կգ հերոին տեսակի թմրանյութի ծավալը։ «Սա բարդ գործ չէ՝ երկու մեղադրյալ, գործի հանգամանքները կարծես բացահայտված են, թեեւ ապացուցված չեն, ինչը պետք է ապացուցվի դատավարության ընթացքում եւ արդյունքում»,- հավելեց սույն գործով կալանավորվածի պաշտպանը։
Կարդացեք նաև
Հարցին, թե նա տեղյա՞կ է հայտնաբերված հերոինը ոչնչացվել է, թե՞ ոչ, փաստաբանն ասաց, որ հերոինը ոնց կա, այդպես էլ մնում է, այն ոչնչացված չէ հւ կարող է ոչնչացվել բացառապես օրինական դատավճռի հիման վրա, եթե դատավճռում նման ցուցում լինի։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում