Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի պաշտոնակատարի դերում գտնվողների ցուցակը վերանշանակման հավանականությունը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 23,2014 11:07

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին նշանակելու փուլային տարբերակ են ընտրել, եւ մինչեւ մայիսի 3-ը եւս 12 նախարարներ պետք է նշանակվեն։ Ու քանի որ քաղաքական շրջանակների քննարկման հիմնական թեման այն է, թե նախարարներից ով կնշանակվի, ով՝ ոչ, ստորեւ ներկայացնում ենք չնշանակված եւ նախարարի պաշտոնակատարի դերում գտնվողների ցուցակը, 10 բալանոց սանդղակով գնահատելով նրանց վերանշանակման հավանականությունը։

Արմեն Գեւորգյան, տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնակատար – Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակման հավանականությունը՝ 8 բալ, փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու հավանականությունը՝ 5 բալ։ Կարծում ենք, փոխվարչապետի պաշտոնի նույնքան հավանական հավակնորդ է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Սարգսյան, ֆինանսների նախարարի պաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 2: Սարգսյանը կառավարությունում հայտնվել էր Տիգրան Սարգսյանի սանիկը լինելու բերումով։ Հովիկ Աբրահամյանը նրան կառավարությունում պահելու ոչ մի պատճառ չունի, չնայած՝ չի բացառվում, այսպես ասած, խաբս տա եւ նրան պահի կառավարությունում, որպես ժեստ՝ Տիգրան Սարգսյանին։ Նման հավանականությունը, սակայն, չափազանց ցածր ենք գնահատում, մանավանդ, որ Դավիթ Սարգսյանի համար ճիշտ չի լինի Տիգրան Սարգսյանից հետո մնալ կառավարությունում։

Հրայր Թովմասյան, արդարադատության նախարարի պաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 5: Նման ոչ բարձր բալը ունի պատճառներ։ Հրայր Թովմասյանի նախարարական շրջանը նշանավորել է բոլորին կառավարության դեմ լարելու բացառիկ ընդունակությամբ։ Այսպես ասած քաղաքացիական սեկտորից հայտնվելով կառավարությունում՝ նա Հռոմի պապից կաթոլիկի կերպար ձևավորեց իր շուրջ՝ չափազանց արագ, եւ շուտով դարձավ բացասական էներգիայի կրող։ Այսուհանդերձ, նրա վերանշանակումը անհնար համարել չի կարելի:

Դերենիկ Դումանյան, առողջապահության նախարարի պաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 9: Դումանյանի որդին ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Հովիկ Աբրահամյանի կողմից, ինչը նշանակում է, որ Դումանյանը ոչ մի պրոբլեմ չունի ո՛չ Աբրահամյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ։

Յուրի Վարդանյան, սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 2: Հովիկ Աբրահամյանը կցանկանա Վարդանյանին չտեսնել նոր կառավարությունում, որովհետև նրա ներկայությունը ինքնին լարելու է ԲՀԿ-ի հարաբերությունները կառավարության հետ։ Վարդանյանի շանսերը նվազում են նաեւ որդու թմրադեղային սկանդալի պատճառով։

Հրանուշ Հակոբյան, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար – Որքան էլ շատ է խոսվում Հակոբյանի հեռանալու հնարավորության մասին, նրա վերանշանակման հնարավորությունը գնահատում ենք 7: Հրանուշ Հակոբյանը հայտնի է ներիշխանական ցնցումներից անվնաս դուրս գալու ընդունակությամբ։

Արամ Հարությունյան, բնապահպանության նախարարի պաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 4: ԱԺ-ում վերջերս տեղի ունեցած քննարկման ժամանակ, խորքային հորերի հարցով Հարությունյանը հաջողացրեց բախվել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների եւ Հովիկ Աբրահամյանի թիմակիցների հետ։

Արմեն Մովսիսյան, էներգետիկայի նախարարի պաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 7՝ Մոսկվայում և Երևանում ունեցած կապերի պատճառով։ Մովսիսյանը էներգետիկայի նախարար է 2001 թվականից և Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաերկարակյաց նախարարն է:

Արտեմ Ասատրյան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար – Ասատրյանը, ասում են, բարեկամական կապեր ունի Հովիկ Աբրահամյանի հետ, ինչը բարձրացնում է նրա վերանշանակման հավանականությունը։ Գնահատում ենք՝ 7:

Սերգո Կարապետյան, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար – Չնայած Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած կապերին, Կարապետյանի նախարարական դիրքերը ամուր չեն։ Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը ավելի լավ թեկնածու է փնտրում, եւ միայն չգտնելու դեպքում կվերանշանակի Կարապետյանին։ Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 5:

Արմեն Աշոտյան, ԿԳ նախարարի պաշտոնակատար – Աշոտյանը ՀՀԿ փոխնախագահ է, վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 8:

Սամվել Թադեւոսյան, քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար – Իշխանությունը, անշուշտ, պետք է գնահատի ՕԵԿ-ից դուրս գալու Թադեւոսյանի քայլը։ Թադեւոսյանը, սակայն, նախորդ կառավարության թերևս ամենագորշ նախարարն է։ Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 3:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930