Քիչ առաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղ մնաց մոտ 10 րոպե: Վարչապետը էկոնոմիկայի նախարարություն էր եկել ներկայացնելու ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին:
Հավելենք, որ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:
Կարդացեք նաև
«Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է կառավարությունում և Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախարարի առջև դրված խնդիրները հստակ են, և նրանք պետք է շարունակեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջև ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ վարչապետին դիմավորեցին եւ ճանապարհեցին Կարեն Ճշմարիտյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ