Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթություն արտասահմանում. հայացք ներսից

Ապրիլ 22,2014 21:36

Հայաստանյան իրականության մեջ երիտասարդների մեծամասնությունը երազում է  կրթությունը շարունակել  արտասահմանյան բուհերում: Թե ինչքանով են նրանք ձգտում երազանքին ու համառորեն սովորում՝ հարցի այլ կողմն է: Փաստը մնում է փաստ, որ երևանյան  ամեն  համալսարանի գլխավերևում քեմբրիջներից ու օքսֆորդներից կազմված երազանք-ամպիկներ են կախված: Երիտասարդները ձգտում են արտասահմանում սովորել՝ ցանկանալով անկախանալ ու լավ կրթություն ստանալ՝  հաճախ մոռանալով, որ  մեդալը միշտ երկու կողմ է ունենում:

Արտասահմանում սովորելու  դրական ու բացասական կողմերի, դժվարությունների ու առավելությունների, կրթաթոշակային համակարգի մասին զրուցեցինք տասնութամյա Մարիամ Հակոբյանի հետ, որը բացարձակ գերազանցությամբ  դպրոցն ավարտելուց հետո արդեն մոտ երկու տարի է, ինչ մեկնել է հայրենիքից երեք հազար կիլոմետր հեռու՝ Գերմանիա՝ կյանքի ամենամեծ երազանքն իրականացնելու՝ կենսաբան դառնալու:

-Գերմաներեն, կարելի է ասել, սովորել եմ երկու ուսումնական տարվա ընթացքում՝ գերմանական մի ծրագրի շրջանակներում: Իմ գերազանց առաջադիմությունը, համառությունն ու գերմաներենի նկատմամբ  մեծ սերը իմ գերմաներենի գերմանացի ուսուցչուհուն  հիմքեր տվեցին ինձ նոմինացնել  DAAD-ի ամենածավալուն կրթաթոշակներից մեկին: Կրթաթոշակն ինձ հնարավորություն կտար Գերմանիայում ամբողջ ուսումս ու ապագաս կառուցելու: Ես հազարավոր աշակերտների միջից այն քչերից էի, որն արժանացավ կրթաթոշակին:

Կրթաթոշակի մրցույթին զուգահեռ մասնակցել էի նաև ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի «կենսաֆիզիկա» բաժնի մրցույթին, որտեղ լավագույն միավորներով առաջին անվճար տեղին էի արժանացել: Բայց ես նախընտրեցի ուսումը Գերմանիայում: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, պատիվ ունեմ DAAD-ի` Երևանում կրթաթոշակների հանձման արարողության հյուրը լինել ու ներկայանալ ելույթով՝ պատմելով իմ և իմ ուսման մասին:

-Ինչու՞ ընտրեցիք հենց Գերմանիան: Ինչո՞վ է պայմանավորված մասնագիտության ընտրությունը:

-Տարօրինակ կհնչի, բայց արտասահմանում սովորելու ցանկություն ունեի դեռ մանկուց: Գերմանիայում ուսանող լինելն ինձ համար միշտ թաքուն պահած երազանք է եղել, որին ես ի սրտե  հավատացել եմ: Հետագայում, ավելի հասուն տարիքում, այդ ձգողությունն ամրապնդվել է այնպիսի ծանրակշիռ փաստերով, ինչպիսիք են, օրինակ, գիտության զարգացվածության բարձր մակարդակն ու պետության կողմից գիտության մեջ ներդրվող մեծ գումարները: Սկսեցի գիտակցել, որ Գերմանիան մատուցում է Եվրոպայի լավագույն կրթություններից մեկը, եթե ոչ՝ լավագույնը: Ինձ համար պարզ էր. ես ուզում եմ Գերմանիայում սովորել:

Իմ ամբողջ կյանքի մեծ սերը կենսաբանությունն է: Ինձ համար չկար ու չկա ավելի մեծ հրաշք, քան կենսաբանական կոնտեքստներն ուսումնասիրելը, կյանքի զարգացման տարբեր փուլերին հետևելը, տեսնելը, թե բնությունն իր պարզությամբ ինչ բարդ մեխանիզմներ է ստեղծել ու կյանքի ինչ տարբեր տեսակներ է արարել՝ փոքրագույն բջիջներից  մինչև գիտակից էակներ: Կենսաբանության մեջ ես այնքան գեղեցկություն, նրբություն, ուժ, հզորություն, քնքշանք ու տրամաբանություն եմ տեսնում, որ ամեն անգամ ավելի ու ավելի եմ սիրահարվում իմ ընտրությանը: Մի՞թե կա ավելի մեծ պատիվ, քան բնությունն ուսումնասիրելու ու դրան հետևելու հնարավորությունը: Ասել եմ ու շարունակում եմ ասել. յուրաքանչյուրին ցանկանում եմ իր մասնագիտությունն այնպես սիրել, ինչպես ես իմ կենսաբանությունն եմ սիրում:

-Հայ ուսանողուհու եվրոպական առօրյան. ինչպիսի՞ն  է այն:

– Գիտեք, հաճախ թվում է՝ արտասահմանում սովորելը, միայնակ ապրելը այնքան հաճելի է, հեշտ, ոչ ոք կամքիդ չի բռնանում, ամեն ինչ քո ցանկությամբ ես անում, ոչինչ չի խանգարում, դու ես քո կյանքի տերը: Ու հենց դա էլ իրականում ամենամեծ դժվարությունն է: Լինելով դեռևս  17 տարեկան, ես սկսեցի  պատասխանատվություն կրել՝  ամենափոքր մանրուքներից մինչև շատ լուրջ ու պատասխանատու որոշումներ: Չեմ ասի բացասական, բայց արտասահմանում սովորելու դժվար կողմերից մեկն այն է, որ ուսանողական կյանքի բոլոր բարդություններին գումարվում են տնային տնտեսուհու, հաշվապահի, աշխատող մարդու բոլոր խնդիրները: Ամեն ինչ պետք է ինքնուրույն անել ու, որ ամենակարևորն է,  ամեն ինչ ժամանակին հասցնել ու ոչինչ չմոռանալ:

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք իմ մի սովորական օրը, գրաֆիկս մոտավոր ներկայացնեմ. արթնանում եմ առավոտյան ժամը վեցին: Ժամը ութից մինչև երեկոյան վեց անց կես տարբեր դասախոսությունների եմ ու պրակտիկաների: Դասերի ավարտից հետո գնում եմ լաբորատորիա՝ աշխատանքի, մոտ երկու ժամ: Ութն անց կես աշխատանքն ավարտելուց հետո գալիս եմ տուն, ճանապարհին, որպես կանոն, գնումներ եմ կատարում: Ինն անց կես հազիվ տուն եմ հասնում: Արագ ընթրիք եմ պատրաստում ու անցնում կարդալու, տնայիններ անելու, պարապելու, հաջորդ օրվա դասերին նախապատրաստվելու: Լավագույն դեպքում քնում եմ 12-ին, ավելի հաճախ 2-ին, որովհետև լինում են միշտ կողմնակի  խնդիրներ. օրինակ՝  լվացք, էլ. նամակների պատասխանել, դժվար ու չստացվող վարժություն և այլն:

-Եթե մտովի փորձենք համեմատել հայաստանյան կրթությունը գերմանական կրթության հետ, ի՞նչ  առավելություններ ունի գերմանականը:

– Ես ԵՊՀ-ի ուսանող չեմ եղել, այնպես որ, դժվար թե կարողանամ հստակ զուգահեռներ տանել գերմանական ու հայկական դասերի ու նյութերի միջև, բայց ես եղել եմ հայկական դպրոցի աշակերտ ու գերմանական քոլեջի ուսանող, որտեղ դպրոցական նյութ եմ անցել: Գերմանական  կրթական նյութերի հետ ծանոթանալուց հետո ես այնպիսի խոր հիասթափություն էի ապրել իմ ամբողջ սովորածի հանդեպ, որ դա ավարտվեց  ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանին ուղղված իմ բաց նամակով: Բաց նամակս, իհարկե, մնաց անպատասխան:

Հայաստանում գիտությունը ետ է մնում առնվազն 50 տարով: Նույնը վերաբերում է նաև լաբորատոր սարքավորումներին: Գուցե մեկ-երկու նոր սարք են ստանում, բայց, միևնույնն է, զուգահեռներ տանելը պարզապես անհնար է: Մեր լաբորատոր աշխատանքների համար նախատեսված երեք հարյուր մանրադիտակներից միայն մեկը երևի ավելի շատ արժե, քան ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում առկա բոլոր սարքերը միասին վերցված, ինչի համար ես շատ եմ ցավում: Հայաստանում խելացի ուսանողները շատ են, ովքեր արժանի են ավելի լավ ուսման:

Մեր դասախոսություններն  այնքան հետաքրքիր ու հագեցած են անցնում, որ չեմ էլ նկատում՝ ինչպես 90 րոպեն անցավ, իսկ Հայաստանում դասախոսին չես էլ կարող մեղադրել ձանձրալի, միատոն դասի համար. նա, առաջին հերթին, ավելին անելու հնարավորություն չունի, իսկ երկրորդ հերթին՝ իր ստացած աշխատավարձն ու իր աշխատանքի մոտիվացիան իրար ուղիղ համեմատական են: Որպես համեմատություն նշեմ, որ Գերմանիայում համալսարանում դասավանդող պրոֆեսորը ամսական 8000 եվրո է վաստակում:

Մեր կրթական համակարգի մեջ առաջին բանը, որ ես կփոխեի, նախարարությունն է՝ իր նախարարի հետ միասին: Այդպես կվերանար ծանոթ-բարեկամների տպագրած խայտառակ գրքերի պարտադրումը դպրոցներում, հին նյութի վերատպումը նոր կազմի մեջ, բացարձակ ծույլիկների մինչև վերջին դասարան ու ավարտական ատեստատի հասցնելը: Ես կուզեի, որ հայկական կրթական հաստատությունների դիպլոմներն արտասահմանում որևէ արժեք ունենային:

-Դուք տեսնու՞մ եք Ձեր ապագան Հայաստանում:

-Առաջ հստակ պատասխան չէի կարողանում տալ: Հիմա վստահ եմ. ոչ: Կարծում եք ես չէի՞ ուզի ընտանիքիս կողքին լինել, մայրենի լեզվով աշխատել ու շփվել, ետ չմնալ ինձ համար թանկ մարդկանց կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Իհարկե, կցանկանայի, սակայն ես չեմ կարող երջանիկ լինել առանց իմ գիտության, առանց ինձ օգտակար զգալու, առանց կրթվելու համար լավագույնը չփնտրելու: Չէ, ես իմ ապագան Հայաստանում չեմ տեսնում: Չափազանց ծանր ճանապարհ եմ անցել ու դեռ ունեմ անցնելու, որ հետո վերադառնամ մի երկիր, որտեղ գիտությունը մեռած է: Ու ինչքան էլ ասեն, որ գուցե երկրում գիտությունը մի օր զարգանա, այն, միևնույնն է, այնքան արագ չի կարող աճել, որ ինձ համար ապահովի այն մակարդակը, որով ինձ իմ համալսարանն է կրթում: Ինչպե՞ս կարող եմ ես վերադառնալ մի երկիր, որտեղ վերջերս են թարգմանել գիտության այն ճյուղի անվանումը, որով ես ուզում եմ զբաղվել, ու թարգմանված անունը միակ նյութն է, որը Հայաստանում գոյություն ունի կենսաբանության այդ ճյուղից: Չէ, կարծում եմ իմ տանջանքներով ավելիին եմ արժանի:

Հ.Գ. Այդ ճյուղը, որի մասին խոսում եմ, ցողունային բջիջների հետազոտումն ու վաստակումն է: Ինձ հետաքրքրում է քաղցկեղի բուժումը՝ բջջային մակարդակով: Ինչպես նաև դրանից խուսափելու հնարավորությունները՝ գենետիկական աստիճանի վրա:  Հետաքրքրված եմ նաև ցողունային բջիջների միջոցով նոր օրգաններ ստանալու ուղղությամբ՝ մետաստազների տարածումը կանխելու համար: Գիտությունը բավականին երիտասարդ է, չքննարկված ու չբացահայտված շատ կողմեր կան: Բայց մինչ այդ բակալավրում ունեմ դեռ 2,5 տարի, մագիստրատուրայում՝ 2 տարի: Իսկ դոկտորական դիսերտացիայի համար նախատեսում եմ ևս 3 տարի: Ընդհանուր հաշվարկով ուսումս պետք է տևի 9 տարի՝ եթե քոլեջն էլ հաշվենք: Ի դեպ, իմ կենսաքիմիկոս մոլդովացի ընկերն ինձ «Ботаник» է կոչում, ինչը ես որպես հաճոյախոսություն եմ ընդունում (ծիծաղում է,- հեղ.) :

 

Լուսանկարները՝ Մարիամ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Սյունե ՍԵւԱԴԱ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Gayane says:

    Սիրելի Մարիամ, իսկ դու համոզվա՞ծ ես, որ Գերմանիայում համալսարանում դասավանդող պրոֆեսորը ամսական 8000 եվրո է վաստակում: Շատ կասկածում եմ, որ գերմանացի պրոֆեսորներն ուսանողներին հայտնում են իրենց ստացած աշխատավարձի չափը:

    • Դավիթ Աբուլաձե says:

      Հարգելի Գայանե, մի՞թե վերը շարադրված տեքստից ամենակարևորը հենց այդ տողն էր։

    • Լիլիթ says:

      Արեւմտյան Եվրոպայում հասախոսները շատ բարձր աշխատավարձ են ստանում, դա բոլորին է հայտնի:

    • Մարիամ Հակոբյան says:

      Հարգելի Գայանե,

      Բնականաբար մեր դասախոսները մեզ հետ չեն քննարկում իրենց աշխատավարձի չափը: Բայց ցանկացած մասնագիտության համար գոյություն ունի աշխատավարձի միջին սանդղակ, ըստ որի էլ Պրոֆեսսոր գիտական կոչում ունեցող մարդու միջին եկամուտը 8000 եվրո է Գերմանիայում:

    • Sona says:

      Կարող եմ ստույգ ասել։ Կախված ընտանեկան կարգավիճակից և աշխատանքային ձեռքբերումներից մոտ 3500- 5000եվրո

      • Sona says:

        խոսքս պետական համալսարանների մասին էր։ Որպես պետական աշխատող կարելի է աշխատավարձը ինտերնետում հաշվարկել

  2. Մարիամ says:

    Ես էլ եմ Գերմանիայում սովորել: Կրթության մակարդակն անշուշտ անհամեմատ բարձր է, սարքավորումները և տեխնիկական հագեցվածությունն անհամեմատելի է հայաստանյան ԲՈՒՀ-երի հետ: Ցավում եմ, որ կենսաբանության և այլ բնական գիտությունների ոլորտում Հայաստանում աշխատատեղ ստեղծելը գրեթե անհնարին է և Մարիամը մեծ հավանականությամբ Հայաստանում անգործ կմնա…
    Ես անձամբ վերադարձել եմ Հայաստան, ինձ հաջողվել է իմ մասնագիտական ոլորտում աշխատանք գտնել, որից քիչ թե շատ գոհ եմ: Այլ ուսանողների էլ եմ ճանաչում, որոնց հաջողվել է Հայաստան վերադառնալուց հետո բարձր վարձատրվող աշխատանք գտնել:
    Իսկ ինչ վերաբերում է դասախոսների աշխատավարձերին, դրանք անհամեմատ բարձր են հայկակակն ԲՈՒՀ-երի աշխատավարձերից: Իմ անձնական կարծիքով, 8000 եվրոն մի փոքր չափազանցված է, նման աշխատավարձ ստանում եմ բացառիկ դասախոսներ, որոնք գիտական մի շարք կոչումներ ունեն և երկար տարիների փորձ: Պետք չէ նաև մոռանալ հարկերի մասին, որոնք մոտ 50 տոկոս են կազմում: Այսինքն, իրականում 8000 եվրո աշխատավարձից մնում է մոտ 4000-ը:
    Մարիամին մաղթում եմ հաջողություններ, հուսով եմ Գերմանիայում նրան կհաջողվի ուսումն ավարտելուց հետո գտնել լավ աշխատանք:

  3. Ամալյա says:

    Սրտիցս էր մեր գիտության նախարարության նախարարի հեռացման միտքը ))

  4. Մարիամ Հակոբյան says:

    Հարգելի Մարիամ,

    Նախ շատ շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: Ու շատ ուրախ եմ Ձեզ և Ձեր ծանոթների համար, ովքեր կարողացել են Հայաստանում լավ աշխատանք գտնել:
    Ձեր ուշադրությունը կսևռեմ այն փաստի վրա, որ խոսքը ոչ թե դասախոսների, այլ պրոֆեսսորների մասին էր: Ամեն դասախոս չէ, որ պրոֆեսսորի կոչում ունի: Վերջինիս արժանանալու համար շատ ծանր գիտական ճանապարհ է պետք անցնել: Իսկ դասախոսություններ համալսարանում կարդում են նաև թե ապագա, այնպես էլ ներկա դոկտորներն ու պոստ-դոկերը: Ու եթե հաշվի առնենք, թե պրոֆեսսուրայի համար ինչ բարդ ուղի պետք է անցնել, ապա Գերմանիայի մակարդակով նման աշխատավարձը լրիվ ռեալ է, եթե անգամ առաջին հայացքից չափազանց շատ է թվում: Ի դեպ, Շվեցարիայում այդ թիվ կրկնապատկվում է 2-ով, այնպես որ Գերմանիան դեռ ամենաշատ վարձատրողը չէ 🙂

  5. Մարիամ says:

    Շնորհակալություն դիտողության համար: Ընթերցողների մոտ կարծիք էր ստեղծվել, որ խոսքը դասախոսների մասին է: Ես նույնպես նշեցի, որ դրանք բացառիկ դասախոսներ են գիտական կոչումներով, այսինքն՝ գիտնականներ:
    Իսկ ինչ նշանակում է չափազանց թվալուն, 8000 եվրոն իրոք նույնիսկ Գերմանիայի համար բարձր աշխատավարձ է, քանի որ ըստ պաշտոնական տվյալների, միջին վիճակագրական գերմանացու համախառն եկամուտը մինչև հարկերը վճարելը մոտ 2500 եվրո է: Այդուհանդերձ պետք է նշել, որ գիտության ոլորտում զբաղված գիտնականներն արդարացիորեն անհամեմատ բարձր են վարձատվում: Շատ կցանակայի, որպեսզի Հայստանում էլ նման պատկեր լիներ ու գիտությանն ավելի մեծ ուշադրության արժանացնեին: Այդ դեպքում միգուցե Ձեզ նման խելացի և գիտությանը մեծ նվիրումով երիտասարդներն իրենց հայրենիքում կարողանային արժանավայել կյանքով ապրել:
    Ձեզ նման երիտասարդները մեզ շատ են անհրաժեշտ, որոնք բարձրաձայնում են Հայաստանում կրթության բացերի և որոշ դեպքերում անհեռանկար ոլորտների մասին:
    Եվս մեկ անգամ Ձեզ մաղթում եմ հաջողություններ Ձեր ուսման մեջ և ապագա աշխատանքում:

  6. Վարդան says:

    Ճիշտն էլ դու ես արել Մարիամ ջան, ես էլ քո տարիքին լինեի….

  7. Վոլոդիա says:

    արա 8000 բազար անող տղերք խի պրոֆեսոր չդառաք? համ էլ որ կողքի հէտ էլ ինստիտուտի տնօրէն կպցնէիք արտասահման նույնիսկ միլիոնի չափ կստանայիք: փոխարէնը էրկիր թալանող ու քանդող հայրէնասէր, ձէն ծախող, շուստռի ու ջոկող ինքնասէր քաղաքացի դառաք: Կարող է մտքնէրդ փոխէք պրոֆէսոր դառնաք? Բայց հէնց դառնաք ձէռ ընկէրնէրը ձէզ ասէլոււ էն հոգնած գիտնական:

    Հայաստանը էն էրկիրն որտէղ գիտնականին համարում էն անճար հարիֆ: Տէսնէս էսպէս ուր է գնում էս ժւողովըւրդը?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930