Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցված հայաստանցիների 55%-ը կողմ է Մաքսային Միությանը

Ապրիլ 22,2014 20:15

Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, Ադրբեջանում, մարդիկ  առաջնային խնդիր են համարում տարածաշրջանային չլուծված հակամարտությունները, մեր եւ մեր հարեւան երկրներում արդեն 4 տարի է ինչ առաջնային խնդիրը շատերի համար համարվում է գործազրկությունն ու աղքատությունը:

2013 թվականին 6000 տնային տնտեսությունների շրջանում կատարած հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի տվյալներով` (www.crrc.am) Հայաստանում հարցվածների 45%-ը գլխավոր խնդիր է ընկալել գործազրկությունը, 16%-ը` աղքատությունը, իսկ Վրաստանում` համապատասխանաբար` 54% եւ 10%, Ադրբեջանում չլուծված  հակամարտությունների խնդրից հետո նոր` գործազրկությունն ու աղքատությունը, համապատասխանաբար` 38% եւ 25%:

Խոսքի ազատության առումով էլ, Հայաստանում հարցվածների 68%-ը կարծիք է հայտնել, որ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, Ադրբեջանում հարցվածների 52%-է այդպես կարծում, իսկ Վրաստանում` 76%:

Ընդ որում, ըստ հարցումը կատարած կենտրոնի, Հայաստանում երկիրը ոչ ժողովրդավար համարող մարդկանց թիվը, եթե 2011 թվականին այդպես էր մտածում նույն քանակի հարցվածների 27%-ը, 2013-ին այդ թիվը հասել է 34%-ի:

3 երկրներում, ըստ կենտրոնի տվյալների, մարդիկ լավ տեղեկացված չեն հարեւան երկրներում գոյություն ունեցող  տարածաշրջանային հակամարտությունների մասին. օրինակ` հարցված հայաստանցիների եւ ադրբեջանցիների մոտավորապես կեսը չեն էլ լսել վրաց-աբխազական  հակամարտության մասին, ղարաբաղյան հակամարտության մասին ավելի քաջատեղյակ են  Վրաստանում:

Aravot.am-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը կասկածի տակ դրեց, հարցված ադրբեջանցիների համար առաջնային խնդիրը ոչ թե սոցիալ-տնտեսականն է եղել, այլ`տարածաշրջանային  չլուծված հակամարտությունների խնդիրը: Այս հետազոտությունն, ըստ քաղաքագետի, Ադրբեջանում հետազոտությունը քաղաքական լուրջ ճնշման է ենթարկվել, եթե ոչ, ապա գոնե այդ կետը պարտադրաբար է մտցվել: Պարոն Մինասյանը, քաջատեղյակ լինելով տարածաշրջանի հասարակություններին եւ առկա խնդիրներին, լավ ծանոթ լինելով այլ հետազոտությունների տվյալներին, նշեց, որ 3 երկրներում էլ հետազոտությունների արդյունքները գրեթե նույնը պիտի լինեին, քանի որ մեկ այլ հետազոտություններով, ադրբեջանցիների համար սոցիալ-տնտեսական խնդիրն է առաջնային եղել: Ադրբեջանի հարցման պատասխանը ոչ օբյեկտիվ լինելու որպես ապացույց, քաղաքագետը նկատեց, որ նավթային այդ երկրում նավթային թերակղզու հարուստների եւ երկրի մյուս շրջանների միջեւ աղքատությունը բավականին բեւեռացված է, ուստի անհնար է նման երկրում, աղքատությունը 2-րդական խնդիր համարեն մարդիկ:  Պարոն Մինասյանի խոսքերով` «Կասկածներ ունեմ, որ հետազոտությունը նույն ձեւի, նույն գիտական ճշտությամբ տեղի է ունեցել նաեւ Ադրբեջանում,  որովհետեւ գոնե վերաբերմունքը անջատված տարածքներին, թվում է, թե Ադրբեջանում եւ Վրաստանում պետք է նույնը լիներ»:

Քաղաքագետը հիշեցրեց, օրերս ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեպքը. հիշեցնենք, որ լրագրողը Էրդողանին բազմիցս կոշտ քննադատելու համար ներկայումս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում է:

Պարոն Մինասյանը խոսքի ազատության մասին նկատեց.«Եթե համեմատենք Վրաստան եւ Հայաստան, մեզ մոտ կոռուպցիայի եւ խոսքի ազատության ընկալումները տարբեր են, բայց իրական պատկերը չափազանց նման է, նույնիսկ «Freedom house»-ը Հայաստանում շատ աննախադեպ բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության  բաղադրիչը, քան Վրաստանում: Մի ուշագրավ ցուցանիշ եւս` 3 երկրներից հարցվածների երջանկության զգացման միջին մակարդակը 3 երկրներում գրեթե նույնն է`Հայաստան` 6.7 միավոր, Ադրբեջան` 6.6, Վրաստան` 7.0:

Այն, որ ադրբեջանցիներն ու հայերը գրեթե նույնչափ երջանիկ են, ըստ քաղաքագետի, խոսում է այն մասին, որ սոցիալական նույն պայմաններն են,  հետեւաբար, հարցման այն պատասխանը, թե ադրբեջանցիների համար չլուծված տարածքային խնդիրներն են առաջնային, հակասություն է առաջացնում պատասխանների միջեւ:

Ըստ կենտրոնի հրապարակած արդյունքների, իշխանությունների ազդեցությունից դատարանների անկախ լինելու մասին կարծիքը Հայաստանում կիսել են հարցվածների 13%-ը, Ադրբեջանում` 25%, Վրաստանում 33%:  Իսկ իրենց երկրի անդամակցությանը ԵՄ-ին աջակցում է հարցված վրաստանցիների 65%-ը, հայաստանցիների 41%, ադրբեջանցիների 34%, Հայաստանում Եվրասիական տնտեսական գոտի-ՄՄ անդամակցելուն կողմ է հարցված հայաստանցիների 55%, իսկ վրացիների` 32%, ադրբեջանցիների մասին տվյալներ չկան: Այս հարցի վերաբերյալ էլ, պարոն Մինասյանը նկատեց, որ եթե հարցը դրված լիներ` ԵՄ, թե` ՄՄ, գուցե հարցման արդյունքներն այլ լինեին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930