Լրահոս
Օրվա լրահոսը

Զորավար Անդրանիկի ձեռագրերը հանձնվեցին Հայաստանի պատմության պետական թանգարանին

Ապրիլ 22,2014 20:07

Հայաստանի պատմության պետական թանգարանում այսօր տեղի ունեցավ հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին հանձնեց բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը:

Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը թանգարանի անունից իր երախտագիտությունը հայտնեց պարոն Կույումջյանին և ապա, անդրադառնալով թանգարանին հանձնված ձեռագրերի կարևորությանը, ասաց. «Թանգարանն իր էությամբ շատ անհագուրդ ու ագահ երևույթ է, և ամեն մի նորամուտ առարկա նրա համար մեծ ձեռքբերում է, բայց կան ձեռքբերումներ, որոնք ամենասերտ առնչությունն ունեն տվյալ ժողովրդի պատմությանը: Անդրանիկ Զորավարի մասունքները՝ մարտական սուրը, պարգևները և այլն, մենք ունենք թանգարանում, բայց կա մի բան, որը մարդու մասին խոսում է ավելին, քան իրեն պատկանող իրը, դա նրա ձեռագիրն է»:

Հրաչ Կույումջյանն էլ պատմեց, թե ինչպես են ձեռագրերը հայտնվել իր ձեռքում. «Զորավար Անդրանիկն իր այս ձեռագրերը, որոնք հուշագրություններ են (65 էջ), հրատարակելու նպատակով 1921 թ. ուղարկել է «Ապագա» ամսագրի խմբագիր Հովհաննես Պողոսյանին, որն էլ 1960-ականներին այդ ձեռագրերը հանձնել է հորս՝ Բեյրութում «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Համբարձում Կույումջյանին, որպեսզի դրանք հարկ եղած դեպքում տեղափոխվեն Հայաստան: Չեմ կարող չընդգծել, որ սա նաև հորս կամքն էր: Այնուհետև հայրս իր մահվանից երեք տարի առաջ՝ 1988-ին, ինձ հանձնեց ձեռագրերը, որովհետև մտավախություն ուներ ձեռագրերի ապահովության հետ կապված, քանի որ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ ռմբակոծությունից նաև նրա տունը վնասվեց: 1921 թվականից ի վեր ձեռագրերը պահպանվել են՝ տեղափոխվելով Միացյալ Թագավորությունից Ֆրանսիա, Լիբանան, Հունաստան, Անգլիա, իսկ այսօր արդեն այնտեղ են, որտեղ նրանց տեղն է՝ Հայաստանում»:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր Վարդանյանը, որը նույնպես ներկա էր ձեռագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը, խորհրդանշական համարեց դրանց անցած ճանապարհը. «Հետաքրքիր է, որ այս ձեռագիրն իր անցած ճանապարհով, ճակատագրով անչափ նման է մեր ազգի զավակներին, որոնք, աշխարհով մեկ շրջելով, ի վերջո վերադառնում են Հայաստան: Միացյալ Թագավորությունից Ֆրանսիա, ապա՝ Լիբանան, Հունաստան, Անգլիա և, ի վերջո, Հայաստան գալը շատ խորհրդանշական է մեզ համար»,- ասաց նա:

Այնուհետև Մշակույթի նախարարի տեղակալը ՀՀ մշակույթի նախարարության կողմից Հրաչ Կույումջյանին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930