«Դեմ եմ» նախաձեռնության անդամները նոր կառավարությունից ակնկալում են, որ պարտադիր պահումները չկատարող գործատուներին տույժերից ու տուգանքներից ազատելու պատրաստակամությունը ամրագրվի օրենքով:
«Նոր կառավարության նոր դիրքորոշման հաստատումն էր մեկ շաբաթ առաջ վարչապետի հայտարարությունը, որ տույժ ու տուգանքներ չեն արվելու, բայց մենք ակնկալում ենք, որ այդ փոփոխությունները հաստատվեն օրենսդրական նախաձեռնությամբ»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ անցած շաբաթ նախագահական նստավայրի դիմաց վարչապետի հետ հանդիպման ժամանակ նրան ասել են, որ տույժ ու տուգանքները հանելը ընդամենը մի քայլ է, բայց ամբողջական ՍԴ որոշումն ապահովելու համար հստակ հայտարարություն է պետք, որ գործատուները չկատարեն պահումներ, եթե աշխատողը չի ցանկանում. «Եվ ՊԵԿ-ը այնպես անի, որ ընտրովի եղանակով մուտքագրվի գումարը: Այսինքն, կառավարությունը այս քայլը պետք է ամրապնդի եւս երկու որոշմամբ»:
Ակտիվիստը դեռ չի ցանկանում գնահատել եւ տեսակետ հայտնել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների ու վարչապետի այսօրվա հանդիպման մասին, բայց գնահատում է Հովիկ Աբրահամյանի` փոփոխություններ անելու տրամադրվածությունը. «Նոր վարչապետը հասարակության պահանջներին համապատասխանող քայլ է անում: Ողջունում ենք վարչապետի այդ քայլը՝ տույժ ու տուգանքները հանելու, բայց ասում ենք, որ ՍԴ որոշումը ապահովելու համար պետք են էլի քայլեր: Վարչապետը, լսեց ու խոստացավ, որ այդ ամենը կքննարկեն ու այդ ամենը կանդրադառնա նոր օրենսդրական նախագծում, ինչը այսօր քննարկում են քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Քանի որ հստակ ոչինչ դեռ չկա, մենք վերջնական պատասխան, ձեւակերպում ու գնահատականներ կտանք միայն նոր օրենսդրական նախագիծը տեսնելուց հետո»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իրենց նախաձեռնության անդամներին ուղղված քննադատությանը, թե նախագահական նստավայրի դիմաց զրուցելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ «գծից շեղվեցին», ասաց. «Պայքարը գնում է իր տրամաբանական ուղղությամբ, եւ սա արդեն մեծ նվաճում է: Այն մարդիկ, որոնք այլ ուղղություն են տեսնում կամ սխալ են համարում այն ուղղությունը, որով գնում ենք, կասեմ միայն, որ պայքարի այս ուղղությունն ապացուցել է իր արդյունավետությունը: Ընդունում ենք առողջ քննադատությունը, բայց երբ այդ ամենը վերածվում է զուտ բացասական արտահայտումների, ուղղակի ասում ենք, որ ամեն մարդ ազատ է իր պայքարի տեսակետը հայտնելու մեջ, բայց հասկանում ենք, որ կառավարությունն է, որ վերջնական տեսքով մեզ ներկայացնելու է օրենքը: Իսկ նախագահական նստավայրի դիմաց վարչապետի այցը մեկ քայլ առաջ էր կառավարության կողմից, ինչը ցույց է տալիս, որ պայքարը արդյունավետ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ