ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցող ոչ օլիմպիական մարզաձեւերի` մարտարվեստների, ֆեդերացիաների ղեկավարներին:
Նախարարի պաշտոնակատարը ներողություն խնդրեց այսքան ուշ հանդիպելու համար` նշելով, որ դեռ չեն ավարտվել օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների հետ հանդիպումներն ու քննարկումները: Նրա առաջարկով ֆեդերացիաների ղեկավարներից յուրաքանչյուրը համառոտ խոսեց մարզաձեւի, որն ինքը ներկայացնում է, կատարվող աշխատանքների, սպորտի պետական կառույցի եւ միջազգային մարզական կազմակերպությունների հետ համագործակցության մասին:
Լսելով բոլորին` Յուրի Վարդանյանը նրանցից ոմանց ասաց.«Մենք ուզում ենք հասկանալ, պատկերացում կազմել ձեր աշխատանքի մասին եւ հնարավորության սահմաններում օգտակար լինել: Բայց դրա համար հարկավոր է, որ դուք սերտ համագործակցեք նախարարության համապատասխան օղակների հետ, ինչը ձեզանից մի մասի խոսքերից դատելով, չի արվում: Եթե մենք ձեր խնդիրները չգիտենք, ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել»:
Նախարարի պաշտոնակատարը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, արեւելյան մարտարվեստների եւ մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստվածության զարգացմանը նպաստելու գործում մեծ ներդրում ունենալու համար պատվավոր կոչումներ եւ շնորհակալագրեր հանձնեց ֆեդերացիաների նախագահներին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին, արդեն առանց ԶԼՄ-ների ներկայության, նախարարի պաշտոնակատարը գործնական զրույց ունեցավ ֆեդերացիաների նախագահների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ