Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիական ճգնաժամի վերջը չի երևում (Տեսանյութ)

Ապրիլ 22,2014 17:39

«Մեդիա կենտրոն», ապրիլի 22: Հայկական կողմի քաղաքականությունում յուրաքանչյուր սխալ կարող է Սիրիայի հայկական թաղամասերի համար կործանման վտանգ ստեղծել:

Սիրիայում երեք տարի ընթացող քաղաքացիական պատերազմում տարբեր տվյալներով արդեն զոհվել է մոտ 150 հազար մարդ: Այս հումանիտար աղետի կիզակետում են նաև սիրիաբնակ մեծաթիվ հայեր:

«Սիրիայում հայկական թաղամասերին կից առկա են ապստամբական թաղամասեր, որտեղ մարտեր են ընթանում, հայկական կողմի սխալ քաղաքականությունը կարող է այդ թաղամասերի համար կործանման վտանգ ստեղծել»,- նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, լրագրող Վիգեն Չեթերյանը, ով Սիրիայում տիրող վիճակի հետ կապված իր մոտեցումները ներկայացրեց «Քաղաքականությունը և բռնությունը Սիրիայում» թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հանդիպմանը:

Սիրիան որպես պետականություն այժմ քանդված է, և այս պայքարում նախագահ Բաշար ալ-Ասադը, որպես տոհմական առաջնորդ, պատրաստ չէ զիջումների, և պայքարը շարունակվելու է. սիրիական կոնֆլիկտի վերջը դեռ չի երևում, նշում է Չեթերյանը:
Սիրիայի իշխանական ուժերը զարգացնում են այն տեսակետը, որ հետադիմական ուժերի հարձակումները կատարվում են իշխանության՝ հակաարևմտյան, հակաիսրայելական լինելու պատճառով, բացատրում է Չեթերյանը:

Սակայն, նա ընդգծեց, որ պետք չէ գնալ առավել հեշտ ճանապարհով և ամեն ինչի մեջ տեսնել ԱՄՆ-Ռուսաստան, կամ շիա-սուննի կոնֆլիկտ. «Բոլոր հեղափոխությունների ու մասսայական շարժումների արմատներն այն հողում են, որտեղ սկիզբ են առել», մատնանշեց քաղաքական վերլուծաբանը:

Անդրադառնալով հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին՝ Չեթերյանը նկատեց, որ հիմք չի տեսնում Ղրիմում և Քեսաբում տեղի ունեցածի միջև կապ գտնելու համար: Ըստ վերլուծաբանի՝ սկսած 2011թ.-ից ցանկացած պահի էլ Քեսաբի վրա հարձակումը հնարավոր էր, և այստեղ առավելապես առկա է թուրքական գործոնը, որը մեծ դեր է ունեցել Քեսաբի վրա կատարված հարձակման մեջ:

«Տեղի ունեցածի վերաբերյալ հայկական կողմի ինֆորմացիոն արձագանքը խիստ անգրագետ էր. հաշվի չէր առնվել ինֆորմացիոն պատերազմի հնարավոր ազդեցությունը Սիրիայում գտնվող հայերի վրա», – կարծում է Չեթերյանը:

Ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արևելքում հայկական բնակչությունը գնալով նվազում է, և այս պայմաններում դժվար է տեղ հասցնել սեփական՝ հայկական ասելիքը:

«Այսօր մեր համայնքները Մերձավոր Արևելքում վերածվել են գետոներում ապրող մարդկանց, մենք հիմա չունենք ինտելեկտուալ ռեսուրս` տեղական հանրային կարծիքի հետ դիսկուրսի մեջ մտնելու և մեր տեսակետը ներկայացնելու համար», հավելեց վերլուծաբանը:

Հայկական պետությունն իր գոյության ընթացքում արդեն երկրորդ անգամն է նման իրավիճակում, երբ հայկական համայնքին օգնության կարիք կա. «Սա առաջին հարվածը չէ հայկական համայնքներին, հայկական պետականությունը պետք է պատրաստ լինի օժանդակել և ընդունել իր համայնքներին»,- ասաց Չեթերյանը` նշելով նաև, որ ցեղասպանության հարյուրամյակը լավ առիթ է մեր խոսքը տեղ հասցնելու համար, -«սակայն մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր խոսքը և կարողանանք մեր ցավը դարձնել համամարդկային», եզրափակեց Չեթերյանը:

 

 

«Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930