«Պառլամենտ մոնիթորինգ» կայքի տվյալներով՝ ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորները ԲՀԿ խմբակցությունից են: 5-րդ գումարման ԱԺ-ում ամենաշատը բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Իրենց բացակայություններով 3-րդ եւ 4-րդ տեղերում են Գուրգեն Արսենյանն ու Կարո Կարապետյանը: Ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակի մեջ են նաեւ Աբրահամ Մանուկյանը, Գրիգոր Գրիգորյանը:
Aravot.am-ը այս առնչությամբ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է ԲՀԿ խմբակցության պատգամավորների այդքան շատ բացակայությունների պատճառը: Նա պատասխանեց. «Յուրաքանչյուր պատգամավոր իր բացակայությունների համար համապատասխան տեղեկանք ներկայացնում է ԱԺ նախագահին: Եթե այդ բացակայությունները հարգելի չլինեին, ապա համապատասխան ընթացք կտրվեր: Այդ բացակայությունները հարգելի են: Անկեղծ ասած, ես ինձ իրավունք չեմ վերապահել ԱԺ նախագահին մեր բացակա պատգամավորների ներկայացրած տեղեկանքի բովանդակությանը ծանոթանալու: Նման իրավասություն ես չունեմ: Դրանք անձնական դիմումներ են՝ ուղղված ԱԺ նախագահին: Եթե հարգելի են ճանաչվել դրանք, նշանակում է, բացակայության համար եղել են լուրջ պատճառներ»:
ԲՀԿ խմբակցությունն աչքի է ընկել նաեւ իր «ձեռնպահ» քվեարկություններով: Վարդան Օսկանյանը, Վահագն Մախսուդյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Նաիրա Զոհրաբյանը ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն են: Տիկին Զոհրաբյանի խոսքերով՝ «Մենք ընդհանուր ինչ-որ որոշում չունենք, որ 20 տոկոս ձեռնպահ, 10 տոկոս դեմ կամ կողմ քվեարկենք: Յուրաքանչյուր օրինագծի վերաբերյալ ունենք մեր մոտեցումը: Եթե այդպես ենք գտել, քվեարկել ենք: Յուրաքանչյուր նախագծի համար քվեարկելիս մենք ելնում ենք մեր քաղաքական դիրքորոշումից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ