Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայ-թուրքական արձանագրություններից ետ կանչել ՀՀ ստորագրությունը (Տեսանյութ)

Ապրիլ 22,2014 17:27

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի , տարբեր կարծիքներ են հնչում, թե հնարավոր է, որ հայ-թուրքական արձանագրություններում ՀՀ-ի ստորագրությունը ետ կանչվի:

Մասնավորապես խնդիրը հրատապ է դառնում նաև այն առումով, որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու համար առաջ է քաշում իր յոթ առաջարկների բավարարումը, որոնցից մեկն էլ արձանագրություններից` Հայաստանի ստորագրությունը ետ կանչելն է:

Այս համատեքստում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց, թե հիմքեր չունի կարծելու, որ ՀՀ նախագահը արձանագրություններից ստորագրությունը ետ կանչելու հայտարարություն կանի:

Սակայն Կիրո Մանոյանն ունի լուրջ մտահոգություններ, որ հայ-թուրքական արձանագրությունները վնասում են Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու լրացուցիչ լծակ են Թուրքիայի ձեռքին: Այս առիթով նա ասաց. «ՀՀ նախագահն այնպես է խոսել, որ կարծես, երբ բանակցել են իշխանությունները, իմանում էին, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները: Եվ այսօրվա Թուրքիայի` չվավերացնելու պատճառով, եթե ինչ-որ առավելություններ ենք ստանում, ապա դա վերածում են արձանագրությունները լավ լինելուն: Բայց արձանագրությունների ստորագրումից հետո, բացի Շվեդիայից, ուրիշ ոչ մի երկիր Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել: Նախագահն ասում է, որ այդ արձանագրությունները ոչ մի ձևով Ղարաբաղի հարցի վրա ազդեցություն չեն ունեցել: Մինչդեռ ստորագրման պահից սկսած Թուրքիան Ղարաբաղի հարցի կարգավորումը նախապայման է համարում: Մենք այդ պայմանագիրը ստորագրեցինք` Թուրքիային տալով հավելյալ լծակներ»:

Կիրո Մանոյանն այս առիթով նշեց. «ԱՄՆ իշխանություններն ասում են, որ Թուրքիան ավելի շատ պետք է ղարաբաղյան հարցում ներգրավված լինի, Եվրոպան ասում է, եթե Ղարաբաղի հարցը լուծվի, ՀՀ-Թուրքիա հարաբերությունները ևս կլուծվեն: Այս արձանագրությունները Հայաստանին դրական ոչինչ չեն տվել: Չի բացառվում, որ Թուրքիան հանկարծ արձանագրություններից մեկը վավերացնի: Մյուս կողմից էլ, եթե այնքան լավ արձանագրություններ են, ապա ինչո՞ւ այս իշխանությունները չեն վավերացնում»:

Aravot.am-ի հարցին` ի՞նչն է խանգարում Սերժի Սարգսյանին ետ կանչել հայ-թուրքական արձանագրություններից ՀՀ-ի ստորագրությունը: Կիրո Մանոյանը պատասխանեց. «Հաշվի առնելով մի շարք խնդիրներ ընտրություններին, նախորդ և վերջին ընտրություններին, Սերժ Սարգսյանն ուզում է չանել մի բան, որ Արևմուտքին դուր չի գա: Եվ դրա համար նախագահը կասի այն, ինչ չորս տարի առաջ, բայց գործընթացը կասեցնել տակավին չի նշանակում վերացնել ստորագրությունը»:

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը չի կարևորում ՀՀ-ի ստորագրության` հայ-թուրքական արձանագրություններից ետ կանչումը: Aravot.am-ի դիտարկմանը, թե արձանագրություններն արդյոք չե՞ն վնասում Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, լծակ չե՞ն Թուրքիայի ձեռքին, պարոն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Արձանագրությունները չեն աշխատում, ուստի ստորագրության ետ կանչումը սկզբունքային չէ: Այսօրվա միջազգային հարաբերություններում միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը բավականին փոքր դերակատարություն ունեն: Նույն կերպ եմ մոտենում նաև Սևրի պայմանագրին: Եվ անընդհատ ասել Սևրի պայմանագիր, ոչինչ չի փոխում»:

Այն մասին, թե արդյոք հայ-թուրքական արձանագրությունները չե՞ն վնասում Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, պարոն Հարությունյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ակնհայտ է, որ որևէ քայլ, որը լինելու է դեմ Ադրբեջանին, Թուրքիան այդ քայլը չի կատարելու` լինեն արձանագրություններ, թե` ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930