Աշխատանքային հերթական խորհրդակցության ժաման Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների և պուրակների, ինչպես նաև բակային տարածքների մաքրման և աղբահանության աշխատանքները:
Նշելով, որ տարվող աշխատանքները դեռևս գոհացուցիչ չեն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին՝ անձամբ լինել տեղերում և վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը:
«Եթե թեկուզ մեկ քաղաքացու չի բավարարում կատարվող աշխատանքի արդյունքը, ապա անձամբ այցելեք մատնանշված տարածք և պարզեք, թե որն է խնդիրը: Ու եթե տեղում համոզվեք, որ նշված թերացումն առկա է, ապա հանձնարարեք անհապաղ վերացնել այն: Բայցև դրանով էլ պետք չէ սահմանափակվել: Հենց հաջորդ օրը այցելեք նույն տարածքներ և պարզեք, թե ինչ է արվել ձեր հանձնարարականից հետո: Բացի այդ, փորձեք ավելի հաճախակի լինել ձեր վարչական շրջանների բոլոր տարածքներում ու տեղերում համոզվեք արդյոք բավարա՞ր է կատարվող աշխատանքը: Վստահ եմ, որ նման կերպ ձեր աշխատանքի արդյունքներն ավելի առարկայական ու շոշափելի կլինեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն