Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների բազմաթիվ առաջարկներ ունի, բայց հիմա դրա ժամանակը չէ»

Ապրիլ 22,2014 17:00

«Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան եւ զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բարձրացման, եւ կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար: Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը 4 տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները (2017 թ.)՝ քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի»,- 2012-ի նոյեմբերի 6-ին  ԲՀԿ-ի անունից այսպիսի հայտարարություն էր տարածել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին համախմբվել եւ բարեփոխել Սահմանադրությունը:

Հիմա, երբ իշխանություններն են գնում այդ քայլին՝ ԲՀԿ-ն բոլորովին այլ կարծիք է հայտնում: Վարդան Օսկանյանը օրերս «Կենտրոնի» եթերում Սահմանադրական բարեփոխումների մասին հայտարարել է՝ «ԲՀԿ կուսակցությունը դեմ է: Եթե իսկապես դրա կարիքը կա, ապա դա պետք է անել 2017-2018-ին: Մեր ժողովրդի առաջ այնպիսի բարդ խնդիրներ են կանգնած՝ տնտեսական, որ պետք է կենտրոնանալ դրանց վրա: Այստեղ ժողովրդի պահանջը ոչ թե Սահմանադրական բարեփոխումներն են, այլ՝ տնտեսական: Այսօր ժողովրդի պահանջը կյանքի մեջ փոփոխություններն են, իր օրվա հացի խնդիրներն են: Երկրորդ՝ մենք մտահոգություններ ունենք, որ եթե մտանք ահավասիկ այսպիսի քննարկումների մեջ, որը կարող է հետո վերաճել իսկապես կուսակցությունների կռվի, վեճի՝ ով ինչքան մանդատ է ստանալու, ով է լինելու վարչապետ, պաշտոնների վեճի է վերածվելու, մեր ժողովրդին դա պետք չի: Այսօր շատ լուրջ խնդիրներ կան, պետք չի շեղվել դրանից: Կարող է տանել երկրում անդորրի խաթարման»:

 

Թե ինչու ԲՀԿ-ն մեկուկես տարվա մեջ այդպես փոխեց իր տեսակետը, ինչու է նման հակասական տեսակետ հայտնում նույն խնդրի շուրջ՝ Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց. «Հակասություն չկա: Մենք ասել էինք, որ երկրին անհրաժեշտ է այդ խնդիրների լուծումը, որոնց վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիայի էինք հրավիրել մեր գործընկերներին: Բայց խոսքը կոնկրետ ժամկետներին չի վերաբերել: Մենք հիմա գտնում ենք, որ երկրում սահմանադրական ճգնաժամ չկա: Երբ որ մենք մեր գործընկերներին հրավիրում էինք քաղաքական երկխոսության, մենք չէինք կարող կանխատեսել, որ օր օրի երկրի սոցիալական վիճակը դառնալու է աղետալի: Այսօր մենք ունենք ոչ թե սահմանադրական ճգնաժամ, այլ ունենք սոցիալ-տնտեսական ճգնաժամ:

Մեր երկրի պրոբլեմը ոչ թե վատ սահմանադրությունն է, այլ այն է, որ Սահմանադրությունը չի գործում: Այո, ձեռնամուխ ենք եղել սահմանադրական բարեփոխումներին: Այո, ԲՀԿ-ն բազմաթիվ առաջարկներ ունի, բայց հիմա դրա ժամանակը չէ: Հիմա մենք ունենք երկիրը փրկելու խնդիր, ունենք տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդիր: Հիմա սահմանադրական ճգնաժամ Հայաստանում չկա»:

Հարցին՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս է, որ այն ժամանակ գտնում էիք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհ է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը, իսկ հիմա գտնում եք, որ դա խանգարում է, ժամանակը չէ, հակասություն կա՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այո, մենք հիմա էլ ենք դա ասում, բայց՝ երբ որ կլուծվի տնտեսական ճգնաժամի խնդիրը, երբ որ երկիրը դուրս կհանվի տնտեսական այս վիճակից: Հետո՝ խնդրեմ: Երբ որ երկիրը կբերենք տնտեսական անհրաժեշտ մակարդակի վրա՝ կքննարկենք բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ՝ սահմանադրական փոփոխությունների խնդիրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Նաիրա Զոհրաբյանը ընդանեը առաջարկել է Սահմանադրական բարեփոխումների տարբերակ, այլ ոչ թե հայտարարել, որ Սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ են և օրվա հրամայական. քննարկումներ և առաջարկներ միշտ էլ կարող են լինել, դա բնական գործըթնաց է, բայց բոլորովին այլ բան է նման խնդիրը արհեստայանորեն մտցնել այսօրվա օրակարգ, երբ երկրում առկա են բազմաթիվ սոցիլա-տնտեսական չլուծված խնիդրներ և արտագաղթ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930