Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները տարբեր են

Ապրիլ 22,2014 16:55

«Այսօր, երբ իշխանությունը սահմանադրական փոփոխություններն անում է, գլխավոր հարցի չի ներկայացվում`ի՞նչ պատճառով են անում այդ փոփոխությունները»,- այսօր մամուլի ասուլիսում իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր թերահավատությունը հայտնեց ՀՅԴ նորընտիր Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ խնդիրների պատճառը իշխող կուսակցության եւ պետության նույնացումն է:

Խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին այսօր հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՅԴ նորընտիր Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին`ասաց. «Սա մեզ չի վերաբերվում, որովհետև մենք ի սկզբանե գտնում ենք, որ առկա կիսանախագահական համակարգը չի նպաստում մեր երկրի արդյունավետ կառավարմանը, ակնհայտ է, որ մենք ունեցել ենք մի քանի նախագահական ընտրություններ և երկիրը հայտնվել է ցնցումների մեջ, ակնհայտ է, որ այս համակարգը հնարավորություն է տալիս մեծամասնությանը որոշել ամեն ինչ և թելադրել: Մենք խրվելու ենք այն բանի մեջ, ինչ նախաձեռնել է իշխանությունը և ՍԴ-ն՝ սահմանադրական բարեփոխումների տեսքով: Մասնագիտական, սկզբունքային առումներով առաջարկություններ ենք անելու, որը խորհրդարանական ամենաժամանակակից ճիշտ մոդելի ընտրություն պետք է լինի: Մենք փորձելու ենք համոզել հանրությանը և մյուս քաղաքական ուժերին, որ սա ճիշտ համակարգ է»:

Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ի համար համոզմունք է համարում խորհրդարանական համակարգին անցնելու սկզբունքը. «Սահմանադրական ճիշտ, ժամանակակից մոդելին անցումը անհրաժեշտ է այս երկրում հավասարակշռված կառավարման համակարգ ունենալու համար: Մեզ համար անհրաժեշտություն է խորհրդարանական համակարգը»:

Այս առումով, բանախոսին անհասկանալի է թվում ԲՀԿ-ի կեցվածքը, որը 2012-ին կողմ էր արտահայտվում խորհրդարանական համակարգին, այսօր գտնում է, որ այդ բարեփոխման ժամանակը չէ:

Հիմնավորելով`ՀՅԴ-ի`սահմանադրական փոփոխություններին կողմ լինելը եւ անհասկանալի համարելով դրանք հետաձգելու վերաբերյալ բոլոր խոսակցությունները, Արմեն Ռուստամյանն էլ հավելեց, որ ճիշտ է ասում Ռոբերտ Քոչարյանն`ասելով, որ պետք է փոխել այն ժամանակ, երբ էլ հնարավոր չէ չփոխելով առաջ գնալ: Իր կարծիքով, այդ վիճակը վաղուց հասունացել է, քանի որ սահմանադրական կարգի նախորդ փոփոխությունը չի վերացրել միանձնյա կառավարելու հնարավորությունը: «Գնալով միահեծանությունն ավելի է ամրապնդվում Հայաստանում: Ընտրությունները դրա արդյունքը ցույց են տալիս, ընդդիմադիր դաշտն ընդհանրապես դուրս է մղվում քաղաքական համակարգից: Եթե բոլորը հասկանան, որ այսօր անհրաժեշտ է պայքարել միահեծանության հիմքերի դեմ`թե քաղաքական, թե իրավական առումով… մենք կողմնակից ենք քայլը կատարել եւ կատարել լիարժեք`ապահովելով երաշխիքը, որ Հայաստանում այլեւս այդպես չի լինելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը`կրկին հղում կատարելով ՀՅԴ-ի յոթ կետերին, որոնք ապահովում են միաժամանակյա համակարգային եւ համալիր փոփոխությունների հնարավորություն:

«Սերժ Սարգսյանը չի: Իր իրավահաջորդը լինի, թե մեկ այլը`պիտի այս համակարգով չղեկավարի, այլապես մենք էլի տասը տարի դատապարտված ենք լինելու: Ո՞վ է երաշխիք տալու, որ նորն եկավ`ասելու է`հասունացել է սահմանադրական փոփոխությունների հարցը: Հաղթեց, ձեռք բերեց այդ լծակներն օգտագործելու հնարավորություն`մոռանալու է. քաղաքական շահ չկա համակարգը փոխելու»,- շարունակեց Արմեն Ռուստամյանը`հիշեցնելով, որ ՀՀ բոլոր նախագահներն էլ դժգոհել են իրենց նախորդներից եւ դա այս համակարգի «ձեռքբերումն» է. «Նույն առաջին նախագահն էլ մեղք ունի այս ամեն ինչը ստեղծելու… համակարգն էդպիսին ա եղել, հիմա, իրենք դուրս են եկել այդ համակարգից`տեսնում են ինչքան վատն ա: Սա աշխատում ա արդեն իրենց դեմ: Սա չենք ուզում լինի»:

Սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՅԴ-ի, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն էր եւ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների հակասություններին վերաբերվող հարցին էլ Արմեն Ռուստամյանն ասաց, որ այն մեղադրանքները, որ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի համար դաշտ է ապահովում եւ այլն, անհիմն են ու, որ իրենք գործում են իրենց այս համոզմունքներով: «Մենք չենք ընդունում այն հաստատումը, որ սահմանադրական բարեփոխումները պետք է հետաձգենք: Ռոբերտ Քոչարյանը, եթե այդ տեսակետին է, ուրեմն, այո, այստեղ մենք տարբերություն ունենք եւ ունենալու ենք բոլոր նրանց հետ, ովքեր որ չեն ընդունում այս յոթ կետերի բովանդակային առումով անհրաժեշտությունը`իրավիճակը կտրուկ փոխելու: Թող գան`առաջարկեն, մենք այդպես քարացած չենք, մենք կընդունենք`հանուն իրավիճակը փոխելու նպատակի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930