ԼՂՀ նախկին արտգործնախարարը հայ-թուրքական արձանագրությունների ետկանչը նույնքան անիմաստ է համարում, որքան դրանց ստորագրումն էր
«Ելնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներից՝ կարելի է գալ այն եզրակացության, որ Հայաստանի հակաթուրքական կեցվածքի խստացումը վերստին պահանջված քաղաքական ապրանք է դառնալու: Կրկին անգամ անցյալում գործած մեր սխալներն ու տված անհամար զոհերն օգտագործվելու են ուրիշների կողմից՝ իրենց սեփական աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական խնդիրները լուծելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Բանն այն է, որ օրերս ՀՀ ՊՆ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր հայ-թուրքական արձանագրությունների մասին, նկատել էր, որ դրանց վերաբերյալ նախկին բոլոր թերահավատություններն անհիմն էին:
Նախօրեին Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն ասել էր, որ ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի:
Կարդացեք նաև
Արդյոք այս հայտարարությունները ներքաղաքական վերադասավորումների արդյո՞ւնք են, քանի որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու համար առաջ է քաշում իր յոթ առաջարկների բավարարումը, որոնցից մեկն էլ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելն է, ինչի համար, ի դեպ, ՀՅԴ-ն ժամանակին լքեց կոալիցիան: Իսկ արձանագրություններն այս պահին փաստորեն ակտուալ չեն. հավանակա՞ն է, որ ՀՅԴ-ին ռեւերանս արվի` մեր հարցին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասել էր, որ եթե անգամ պաշտոնական Երեւանը ետ կանչի իր ստորագրությունը, դա էլ չի լինելու որպես պահի ազդեցության տակ արված քայլ, այլ կշռադատված՝ ինչպես դրանց նախաստորագրումն էր:
Արման Մելիքյանը չցանկացավ մանրամասնել իր մտավախությունները, սակայն ասաց, որ իր կարծիքով՝ չի սխալվի, եթե ասեի, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում որքան ավելի հակաթուրքական կեցվածք որդեգրենք մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության համատեքստում, այնքան ավելի թույլ կդարձնենք սեփական դիրքերը Արցախի մասով:
«Լավ կլիներ, որ և երկրի արտաքին քաղաքականության համար այսօր պատասխանատու պաշտոնատար անձինք, և հայկական կուսակցությունները, այդ թվում նաև՝ Դաշնակցությունը, լրջորեն ծանրութեթև անեն իրենց կողմից նախաձեռնելիք քարոզչական գործողությունները, քանի որ եթե ունակ չես ինքնուրույն և առարկայորեն արդյունավետ քաղաքականություն վարելու, ապա գոնե անիմաստ ու անպտուղ քարոզչությամբ լրացուցիչ բարդություններ մի առաջացրու երկրիդ ու ժողովրդիդ համար: Մեր շուրջը ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակը հուշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը չպետք է ենթարկեցվեն հայկական իշխող վերնախավի սրտին և մտքին հարազատ «գոլդ համարների» տրամաբանությանը:
Արձանագրությունների հետկանչն այժմ նույնքան անիմաստ ու վնասակար է, որքան որ անիմաստ ու վնասակար էր ժամանակին դրանց ստորագրումը»,- ասաց Արման Մելիքյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Համաձայն եմ Արման Մելիքյանի հետ:
Հայաստանը պիտի՛ սկսի Թուրքիայի հետ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ քաղաքականություն վարել.կամ գոնե ձևացնել: Էդ դաշնակներին քիչ լսեք: Հայը ՄԻՇՏ տուժվել է,երբ կոշտ է եղել թուրքի դեմ: ՓՈԽԵՔ տակտիկան: