Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է հանգուցալուծվել ուկրաինական ճգնաժամը

Ապրիլ 22,2014 16:46

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ լրագրող Դավիթ Պետրոսյանը

Արամ Աբրահամյան.- Ապրիլի 17-ին Ժնեւում Ռուսաստանը, Ուկրաինան, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հռչակագիր են ստորագրել, որով նախանշվում են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները: Պատրա՞ստ են արդյոք կողմերը կատարել դրանց կետերը:

Ավետիք Իշխանյան.- Իմ կարծիքով՝ հիմա այնպիսի իրավիճակ ստեղծվեց Ուկրաինայի շուրջը, որ լավագույն ցանկությունների դեպքում էլ, եթե նույնիսկ ուզենա Ռուսաստանը, շատ կասկածելի է, որ Արեւելյան եւ Հարավային Ուկրաինայում իրավիճակը հնարավոր է մեղմել: Իմ կարծիքով՝ արդեն «ջինը» դուրս է եկել շշից, եւ շատ բարդ է լինելու այդ իրավիճակը շտկել: Մյուս կողմից էլ՝ Կիեւի իշխանություններն են, իհարկե, աջակցություն ստանում Արեւմուտքից, եւ այս պարագայում ինչ մակարդակի պետք է լինեն զիջումները եւ այլն՝ շատ բարդ է ասել: Իմ կարծիքով՝ Ղրիմից հետո Արեւելյան եւ Հարավային Ուկրաինայում այդ իրավիճակի սրումը, կարծես թե, Ռուսաստանը պատրաստ էր մեղմացնել, եթե Արեւմուտքը մեղմացներ պատժամիջոցները: Ինձ թվում է՝ դա կոզրային քարտ էր Ռուսաստանի արեւելյան մասերը Ղրիմի հարցում զիջումների գնալու համար:

Ա. Ա.- Համաձայնագրի կետերից մեկով «ռուսամետ ակտիվիստները» պետք է թողնեն գրաված շենքերը: Նրանք թողնո՞ւմ են, թե՞ ոչ:

Դավիթ Պետրոսյան.- Որոշ տեղեր կան, որ քննարկում են՝ թողնել, թե ոչ, բայց ընդհանուր առմամբ եթե նույնիսկ առաջընթաց լինի մոտակա օրերին կամ շաբաթներին, այդ առաջընթացը շատ դանդաղ կլինի, որովհետեւ, իմ գնահատականով, ե՛ւ Կիեւի իշխանությունները այսօր պատրաստ չեն միանգամից իրենց քաղաքական դիրքորոշումը փոխել, ե՛ւ Արեւմտյան Ուկրաինայի ակտիվիստները պատրաստ չեն դրան, ե՛ւ Արեւելյան Ուկրաինայի պրոռուսական ակտիվիստները: Այսինքն՝ ինձ թվում է բավականին երկար գործընթաց է լինելու: Բանակցությունները Ժնեւում տխուր վերջակետ դրեցին Ուկրաինայի հետ կապված. վերջին 6 ամսվա ընթացքում Ուկրաինան միջազգային հարաբերությունների սուբյեկտից դարձավ օբյեկտ: Դա ֆանտաստիկ իրողություն է, որովհետեւ տարածքով մեծ երկիր էր, բնակչությունը՝ 45 մլն-ից ավելի:

Ա. Ա.- BBC-ի կադրերը՝ սովորական մարդիկ Դոնեցկի փողոցներում ասում են՝ եթե ինքնապաշտպանության ջոկատներ չլինեն, ապա կգա «Պրավի սեկտորը» եւ իրենց կկոտորի, ինչո՞ւ է մարդկանց մոտ այդպիսի վախ ձեւավորվել:

Ա. Ի.- Ես համոզված եմ, որ մարդկության 90 տոկոսից ավելին, գուցե եւ 99 տոկոսը, քարոզչության զոհ է, եւ ամբոխը ընկնում է այդ քարոզչության ազդեցության տակ: Կարծում եմ, որ այս մի քանի ամսվա ընթացքում տեղեկատվությանը, որ մենք ստանում ենք ռուսական ալիքներից, եթե մենք հավատայինք, ապա Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերը՝ բացի Ռեգիոնների կուսակցությունից եւ կոմունիստներից, բոլորը ֆաշիստական կուսակցություններ են, եւ Մայդանն ի սկզբանե ֆաշիստական էր: Այդ ազդեցության տակ են մարդիկ եւ հավատում են, չեն կեղծում, իսկ այն, որ ազգայնական ինչ-որ ուժեր կան, ոչ ոք չի ժխտում: Նրանք, ովքեր դե յուրե իշխանության են, ի վերջո դա «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարներն են հիմնականում, որոնք արդեն ժամանակին եղել են իշխանության, եւ ճիշտ է՝ նրանք չափավոր ազգայնական են, եւ չի կարելի ասել, որ այնտեղի իշխանությունը ֆաշիստական է, բայց քարոզչության արդյունքում տպավորությունն այդպիսին է:

Ա. Ա.- Ի՞նչ է նշանակում «ռուսամետ զինված ապստամբներ»: Որտեղի՞ց այդ մարդկանց այդքան զենք: Գուցե նրանք ռուսաստանցի զինծառայողնե՞րն են:

Դ. Պ.– Երբ Մայդանը կազմակերպվեց, մի քանի անգամ սրված իրավիճակներ ստեղծվեցին, այդ իրավիճակների ժամանակ եղան դեպքեր, երբ Արեւմտյան Ուկրաինայի մարզերում գրավում էին վարչական շենքեր, հարձակումներ կային նաեւ զորամասերի եւ զորանոցների վրա, այսպիսով զենք ձեռք բերեցին: Ոչ ոք այն ժամանակ չպատժվեց, եւ եթե դա չպատժվեց Արեւմտյան Ուկրաինայում, ինչո՞ւ պետք է պատժվեր Արեւելյան Ուկրաինայում: Այնտեղ զինծառայողներ չէին, նրանք երեւի հատուկ ծառայություններից էին, նրանք վաղուց էին նախապատրաստել այդ գործողությունները, այլ բան է այն, ինչ կատարվեց Արեւմտյան Ուկրաինայում. մինչ այդ նրանց փաստորեն շատ հարցերում «քարտ բլանշ» տրվեց, եթե համեմատենք՝ հայելու նման նույնն են գործողությունները՝ եւ այնտեղ, եւ այստեղ:

Ա. Ի.– Այսինքն՝ Ռուսաստանը օգտվեց Ուկրաինայի հեղափոխության դասերից եւ նույն տեխնոլոգիայով անում է եւ ասում՝ եթե նրանց կարելի է, ինչո՞ւ սրանց չի կարելի: Ղրիմի հանրաքվեին անդրադառնանք՝ դրանից մի քանի օր առաջ Ռուսաստանը ժխտում էր այնտեղ ռուսական զորքերի մասնակցությունը: Վերջերս իր ասուլիսի ժամանակ Պուտինը ընդունեց, որ այդ զորքերն էին հենց այնտեղ եւ ապահովում էին հանրաքվեի անցկացումը, այսինքն՝ վերջապես ընդունվեց: Չնայած հիմա էլ չեն ընդունում, բայց այն, որ առանց Ռուսաստանի աջակցության եւ առանց Ռուսաստանի հատուկ ծառայության ներդրման նաեւ Արեւելյան Ուկրաինայում այդ ամենը հնարավոր չէր՝ իհարկե ապահովելով տարբեր նյութական միջոցներով, այդ թվում՝ զենքերով, դրանում ես համոզված եմ:

 

Պատրաստեց Արամ Աբրահամյանը
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

OSI-NEW-ARM-copy3-1024x73

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930