Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

111 կնոջ մոտ չարորակ գոյացություն է հայտնաբերվել (Տեսանյութ)

Ապրիլ 22,2014 16:27

Aravot.am-ի դիտարկմանը, թե Երեւանի քաղաքապետարանը տղամարդկանցից դժգոհություններ է ստացել, որ միայն կանանց համար առողջապահության «բաց դռներ» կազմակերպելով առողջապահության ոլորտի պատասխանատուները խախտում են գենդերային հավասարությունը, առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանն ասաց, որ դեռեւս ամիսը չի որոշվել, բայց ամռանը նաեւ տղամարդիկ հնարավորություն կունենան անվճար հետազոտվելու եւ բուժօգնություն ստանալու:

Այս տարվա մարտի 8-ից ապրիլի 7-ը, Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով հայտարարվել էր կանանց առողջության պահպանման միամսյակ: Այսօր առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նախարարության մամուլի սրահում ամփոփեց, թե ակցիայի շրջանակներում քանի կին է հետազոտվել եւ բուժօգնություն ստացել:

Ըստ նրա, «բաց դռների» նպատակն է եղել կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող` գինեկոլոգիական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական եւ նյարդաբանական խնդիրների համար մասնագիտացված բուժօգնության մատչելիության ապահովումը:

Կանանց միամսյակի ընթացքում Երեւանում եւ մարզերում բուժօգնություն է ստացել մոտ 46 հազար կին, որից 28.896-ը Երեւանում, 17.057-ը` մարզերում։

Գինեկոլոգիական խնդիրներով դիմել է 1.320 կին, որից 736-ը ստացել է ստացիոնար բուժօգնություն (56%), այդ թվում, գրեթե կեսը` 345-ը ստացել է վիրահատական (47%), իսկ 391-ը` կոնսերվատիվ բուժում:

Կարինե Սարիբեկյանի խոսքերով, իրականացվել է սկրինինգային 10 հազար 902 հետազոտություն, որից կրծքագեղձի սոնոգրաֆիա` 2.582, մամոգրաֆիա` 379: Արդյունքում 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ ներգոյացություն, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ: 120 կնոջ մոտ էլ ախտորոշվել է օստեոպորոզ:

Հիվանդանոցային պայմաններում բուժված կանանց 80%-ից ավելիին տրամադրվել են վիրաբուժական ծառայություններ: Առավել մեծ պահանջարկ են ունեցել մանկաբարձագինեկոլոգիական եւ ակնաբուժական ծառայությունները: Ըստ տիկին Սարիբեկյանի, միամսյակի ավարտից հետո մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններում շարունակվել է մինչ այդ հաշվառված կանանց բուժօգնության տրամադրումը, վիրահատվել է եւս 116 կին։

Միամսյակի արդյունքներն ամփոփելով, Կարինե Սարիբեկյանն ասաց, որ անհրաժեշտություն է առաջանում` ուսումնասիրել հատկապես ակնաբուժական եւ գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը, կրծքագեղձի քաղցկեղը վաղ հայտնաբերելու համար էլ կանխարգելիչ ծրագրեր ներդնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930