Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը Հովիկ Աբրահամյանի մոտ հանդիպմանը տեսել է «փոփոխություններ իրականացնելու պատրաստակամություն»

Ապրիլ 22,2014 16:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները քննարկել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող խնդիրները : Հանդիպմանը մասնակից ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին`ինչո՞վ է պայմանավորված իշխանության դիրքորոշման փոփոխությունն, ասաց. «Կենսաթոշակային պարտադիրի կուտակային համակարգի վերաբերյալ կառավարության դիրքորոշման փոփոխությունը հստակ պայմանավորված է նրանով, որ ի վերջո պարզ է դառնում՝ կառավարությունը չի կարող որևէ ծրագիր իրականացնել, որին հասարակությունը դեմ է: Ոնց կարո՞ղ է հասարակությունը դեմ լինի, բայց դու անպայման պարտադրես էդ նույն հասարակությանը ինչ-որ բարեփոխում կատարել: Ի վերջո, բարեփոխումը մենակ կառավարության անդամները չեն կատարում և իրենց համար չեն կատարում, կատարում են ժողովրդի համար: Եթե հասարակությունը դա չի ընդունում, ուրեմն պիտի հրաժարվես էդ մոտեցումից»:

Արմեն Ռուստամյանի կարծիքով, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ ամենը շատ լավ գիտակցելով է, որ նման գործընթաց է սկսել: Պատգամավորը գտնում է, որ անհրաժեշտություն կա այնպես անել, որ հասարակության մոտ վստահություն առաջանա կառավարության և իշխանությունների որևէ գործողության նկատմամբ, որ ոչ մի կառավարություն չի կարող անվստահության մթնոլորտում երկար գործել:

Նա թյուր է համարում կարծիքը, որ կարելի է մարդկանց չլսելով՝ ինչ-որ բան պարտադրել. «Այսօրվա հանդիպմանը իսկապես մենք տեսանք փոփոխություններ իրականացնելու պատրաստակամություն: Մենք կփորձենք գտնել ինչ-որ կոմպրոմիսային լուծումներ, որ իսկապես այս գործընթացը վերանայվի այնպես, որ հասարակությունը հավատա, համոզվի, և իսկապես վստահության մթնոլորտ ձևավորվի»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը որևէ պաշտոնյա՝ լինի նախարար, թե վարչապետ, չի կարող շրջանցել. «Սահմանադրական դատարանը որոշել է, որ այստեղ մենք ունենք էական պրոբլեմներ, և այս խնդիրը պիտի կարգավորվի: Անձից կախված չէ սա, Տիգրան Սարգսյանն էր, թե Հովիկ Աբրահամյանը, պարտավոր էին լինելու Սահմանադրական դատարանի վճիռը հաշվի առնել»:

Աղվան Վարդանյանը վստահ է, եթե որևէ խնդիր հիմնավոր է, փաստարկված և ունի հասարակական աջակցություն`լուծվելու է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930