«Կենտրոն կանաչապատում»-ից տեղյակ չեն՝ ինչու են ծառերի կոտրված ճյուղերը թափված Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճի երկայնքով դեպի մի քանի հայտնի ռեստորանային օբյեկտներ՝ «Փարվանա», «Գեղամա» եւ այլն, տանող ճանապարհին կտրատված ծառեր եւ ծառի ճյուղեր են թափթփված: Արդեն երկար ժամանակ է՝ այդ ճյուղերը կույտերով թափված են այս ու այն կողմ, եւ որեւէ մեկը այն չի հեռացնում տարածքից:
Այնպիսի տպավորություն է, որ գարնան գլուխ Հրազդանի կիրճի ծառերը էտման են ենթարկվել,եւ պարզապես ճյուղերն այդպես թափված մնացել են, չեն հավաքվել, սակայն երբ կիրճի պատասխանատուներից հետաքրքրվեցինք, տեղեկացանք, որ ձորում էտման աշխատանքներ չեն էլ եղել:
Հրազդանի կիրճի այն հատվածը, որտեղ գտնվում են հայտնի տասնյակ օբյեկտներ, պատկանում է Կենտրոն վարչական շրջանին:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում, սակայն, «Կենտրոն կանաչապատում» ընկերությունից հայտնեցին, որ իրենք այդ տարածքում ծառերի հետ «որեւէ գործողություն» չեն արել:
Մեր այն դիտարկմանը, թե Հրազդանի կիրճում կտրատված ծառեր եւ ճյուղեր են թափված, արդոք դա էտման հետեւա՞նք է, «Կենտրոն կանաչապատում» ընկերության տնօրեն Արտակ Մարուքյանն ասաց, որ թեեւ տարածքը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի վերահսկողության տակ, սակայն իրենք ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ նպատակով են ծառերի ճյուղերը կտրվել. «Մենք այդ տարածքում ոչ մի գործողություն չենք իրականացրել եւ ենթադրություններ չենք կարող անել, թե ով կարող է նման բան արած լինել»:
Մեր այն հարցին էլ՝ եթե կիրճի կանաչապատման համար պատասխանատու մարմինը չի կտրատել այդ ծառերն ու ճյուղերը, հնարավո՞ր է, որ օբյեկտների սեփականատերերն են ինքնագործունեություն դրսեւորել եւ իրենց օբյեկտների տեսարանը փակող հատվածների ծառերը «խուզել» կամ կտրատել, Արտակ Մարուքյանն ասաց, որ նրանք առանց համապատասխան թույլտվության իրավունք չունեին ծառեր կամ թեկուզ ճյուղեր կտրատելու:
ԷԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ