Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը քառյակի որոշ ուժերի հետ երկարաժամկետ համագործակցության հեռանկար չի տեսնում

Ապրիլ 22,2014 16:04

Խորհրդարանական քառյակի երկարաժամկետ գործունեության հեռանկար ստրատեգիական առումով, որոշ ուժերի հետ ՀՅԴ-ական պատգամավոր, խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի տեսնում:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Արմեն Ռուստամյանն անդրադառնալով ՀՅԴ-ի յոթ կետերին, որոնցից մեկն էլ ենթադրում է ընդդիմությանը վերահսկողական լիազորություններ տալ, ասաց, որ չի ուզում նշել առանձին քաղաքական ուժերի անուններ, բայց բոլոր նրանք, ովքեր ուզում են գալ իշխանության, բայց միաժամանակ կասկածում են ընդդիմությանը լծակներ տալ-չտալու հարցում, ուրեմն ՀՅԴ-ի համար կասկածելի են:

Լրագրողների տարակուսանք-հարցերին արձագանքելով՝ նա նշեց, որ քառյակի շրջանակներում համագործակցության հեռանկարն այնքան էլ երկարաժամկետ չէ, քանի որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ իշխանության գործառույթները փոքրանան, ուզում են իրենք գալ իշխանության ու այդ մեծ իշխանությունն ի օգուտ իրենց ծառայեցնել:

«Մեր խնդիրը հենց սա է, եկեք սկզբից ասեք, որ պատրաստ եք հավասարակշռել այս իշխանությունը, այդ դեպքում պատրաստ ենք երկարաժամկետ ռազմավարական համագործակցության, եթե չի ընդունում, ուրեմն վտանգավոր է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե այս պարագայում քառյակի համագործակցությունը շարունակվելո՞ւ է, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, շարունակվելու է, ի՞նչ է եղել քառյակին, բոլորը ողջ ու առողջ են»:

Պարոն Վարդանյանի համար, օրինակ` տարօրինակ է ԲՀԿ-ի այն կեցվածքը, որ առաջ խոսում էր Սահմանադրական բարեփոխումների մասին, իսկ հիմա դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:

Aravot.am-ի հարցին`կարելի՞ է ենթադրել, որ հենց ԲՀԿ-ն է քառյակի այն ուժը, որը հավակնում է իշխանության`առանց գործող համակարգային փոփոխությունների, պարոն Վարդանյանը չցանկացավ ենթադրություններով առաջնորդվել: Ասաց, որ քառյակի շրջանակներում լինում են բաց քննարկումներ, ամեն ինչի մասին խոսում են ազատ, որոշ դեպքերում՝ իրենց են համոզում, որոշ դեպքերում`իրենք են համոզում, լինում է տեսակետների բախում, բայց ինքը հիմա փաստագրումներ է անում: Մնացյալը`ժամանակը ցույց կտա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930