Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը

Ապրիլ 22,2014 15:49

ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը, հանգամանորեն քննարկելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երկամյա գործունեությունը, երկրում ընթացող քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացումները, կատարեց իրավիճակի ախտաճանաչում և համախոհության մթնոլորտում նախանշեց կուսակցության առաջիկա ուղենիշներն ու անելիքները:

Ժողովն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, տարածաշրջանային խնդիրներին, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակին, իշխանությունների անհեռատես քաղաքականությանը`  ընդգծելով կառավարման ներկայիս արատավոր համակարգը հիմնովին  բարեփոխելու անհրաժեշտությունը:

Ժողովն արձանագրեց, որ կուսակցության` համակարգային փոփոխություններ երաշխավորող քաղաքական, տնտեսական առաջարկությունների փաթեթը շարունակելու է մնալ իշխանությունների և քաղաքական ուժերի հետ ՀՅԴ հարաբերությունների առանցքում:

Շեշտվեց, որ Գերագույն մարմինը պետք է առավելագույնն անի որակական փոփոխություններով  ազգային պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու նպատակների շուրջ քաղաքական ու քաղաքացիական լայն համախմբում ձևավորելու համար:

Ժողովը կուսակցության շարքերը երիտասարդացնելու, ժամանակակից արդյունավետ մեթոդներով գործելու, ժողովրդային լայն շրջանակներին բացվելու, անկախության սերնդի մոտ ազգային մտածողություն արմատավորելու խնդիր առաջադրեց:

Վերահաստատվեց երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության դիրքորոշումը: Կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` փաստարկված քննադատությունը զուգակցելով այլընտրանքային, զարգացման ծրագրերի ներկայացմամբ:

Արդարության հաստատումը, ՀՀ քաղաքացիների ազատ, արժանապատիվ կյանքի երաշխավորումը, ինքնիշխանության սահմանափակումներ թույլ չտալը, աղետալի արտագաղթի կասեցումը, աղքատության նվազեցումը, Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորումը, Հայ դատի և ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը շարունակելու են մնալ կուսակցության գործունեության գերակա ուղղությունները:

Ելնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակից` ժողովը վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ապրիլի 17-ի հայտարարության հիմնական դրույթները:

 

 

20 ապրիլի 2014թ                                        

  ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով

     Աղվերան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930