Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանցի ու սիրիահայ երիտասարդների միջեւ մեծ տարբերություն կա»

Ապրիլ 22,2014 15:47

Ալեքս Գալայջյանը փորձում է կայանալ նաեւ Հայաստանում

Ալեքս Գալաջյանը ծնվել է Հալեպում: Կրթությունը ստացել է Հալեպի Ազգային Զավարյան վարժարանում: Հաճախել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Զարեհյան» դպրեվանք, իսկ 2006-ին ձեռնադրվել սարկավագ:

9 տարի սովորելուց հետո, 2008-ին ավարտել է դպրեվանքյան աստվածաբանական, հայագիտական ու փիլիսոփայական բարձրագույն ուսումը: Սովորել է նաեւ Քեմբրիջի համալսարանում` Անգլերեն լեզու եւ գրականություն բաժնում: 8 ամիս է, ինչ Հայաստանում է եւ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի Ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս է: Ցանկացել է մագիստրատուրան նույնպես Անգլիայում սովորել, բայց չի ստացվել: «Ես կուզենայի իմ մագիստրատուրան սովորել հենց Անգլիայում, բայց եւ այնպես, ինձ վիզա չտրամադրեցին Անգլիա վերադառնալու համար` սիրիացի լինելու պատճառով»,-ասում է Ալեքսը:

Այժմ երիտասարդն աշխատում է Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրագիտության ինստիտուտի Սփյուռքի բաժնում՝ որպես հետազոտող: Պատմում է, որ զբաղվածության պատճառով ժամանակ չի ունենում ընկերների հետ շփվելու. «Եթե ժամանակ էլ ունենում եմ, ապա ընկերներիս հետ ժամանակս որեւէ սրճարանում եմ անցկացնում»:

Նրա ձեւակերպմամբ, այսօրվա հայ երիտասարդությունը պետք է կարողանա համարձակ, առանց վարանելու իր ազդեցությունը թողնել երկրի վրա, պետք է կարողանա սխալի ու անարդարության դեմ պայքարել, երկիրն ու մեր հասարակությունը փրկել բոլոր օտարածին երեւույթներից: Սիրիահայ երիտասարդը գիտակցում է, որ Հայաստանի երիտասարդության մեջ կան խելացիներ, որոնք կցանկանան իրենք իրենց դրսեւորել. «Երիտասարդության մեծամասնությունը ցանկանում է փող աշխատել եւ ստիպված հեռանում են համալսարանից ու գնում գործի ասպարեզ: Հայաստանի երիտասարդությունը սկսել է ավելի չեզոքանալ աշխարհից, որովհետեւ ապրում ենք համաշխարհայնացած մի դարի մեջ եւ զարգացած դարը զարգացած երիտասարդ է պահանջում»:

Ալեքսը նշում է. «Սիրիահայերը առհասարակ ավելի արհեստի ոլորտում են զարգացել եւ նախքան սիրիական պատերազմը մեծ ազդեցություն են ունեցել երկրի բարգավաճման հարցում: Ինքնագիտակցությունը մանկուց հաստատապես սերմանվում է սիրիահայ երեխայի մեջ»: Նա նկատել է, որ հայաստանցի ու սիրիահայ երիտասարդների միջեւ հսկայական ըմբռնումի եւ գիտակցության տարբերություն կա. «Ըստ իս` դա մշակույթների տարբերությունից է: Սիրիայի երիտասարդությունն ավելի կապված է եկեղեցուն, ակումբին, միության, հայկական հանձնախմբերին, մի խոսքով` այն, ինչ որ հայկական է եւ նպաստում է հայապահպանման ու հայակերտումի գործընթացին»:

ԱՆԺԵԼԱ ՔԱՐԱՓՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930