Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փուլում ՀՅԴ-ն կոալիցիա չի մտնի

Ապրիլ 22,2014 15:36

«ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմի իշխանությունների հետ, կառավարությունում պաշտոններ չի զբաղեցնի»,-ՀՅԴ 18-րդ գերագույն ժողովի որոշումը, որը նաեւ ՀՅԴ ԳՄ դիրքորոշումն էր, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին փոխանցեցին ՀՅԴ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը:

Հարցին`ի՞նչ հարցերում ՀՅԴ-ն չկարողացավ համաձայնության գալ նախագահի հետ, Արմեն Ռուստամյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը իրենք հասկացել են, որ չունեն երաշխիք, որ ՀՅԴ յոթ կետերից բաղկացած առաջարկությունները կյանքի կկոչվեն: «Իշխանություններն ասում են, որ անդրադառնալու են մեր յոթ կետերին, մենք չունենք պատկերացում լիարժեք, թե յոթ կետերը որքանո՞վ կընդունվեն: Եթե ամբողջությամբ ընդունվեն, հիմա էլ ենք ասում, որ պատրաստ ենք ամբողջական պատասխանատվություն ստանձնել: Քանի որ հստակություն չկա, մենք հայտարարեցինք, որ կոալիցիայի մաս չենք կազմում: Մեզ համար ինքնանպատակ չէ կառավարության մաս կազմելը: Դրա համար մենք ասում ենք, որ այս պահին մնում ենք ընդդիմադիր դաշտում, շարունակում ենք պահանջել համապատասխան քայլերի իրականացում յոթ կետերի ուղղությամբ»:

ՀՅԴ մոտեցումն, ըստ բանախոսների, անփոփոխ է` իրենք ուզում են, որ երկրում արմատական փոփոխություններ կտարվեն: Եթե իշխանությունները դա իրականացնելու կամք ունեն, ՀՅԴ-ականները պատրաստ են աջակցել, որ դա արագ տեղի ունենա:

Հարցին`նախագահի հրաժարականի հարցը ՀՅԴ-ի օրակարգում կա՞, բանախոսները հստակեցրին`իրենց պահանջն է ռեժիմի ու մարդկանց փոփոխությունը, բայց պետք է համոզված լինեն, որ մարդկանց փոփոխությունից հետո համակարգային այնպիսի փոփոխություն է լինելու, որ նույն իրավիճակը չկրկնվի: «Իշխանափոխությունն ամբողջական լինելու պարագայում է, որ ապահովելու է, որ ժողովուրդը գա իշխանության: Սա է մեր ամբողջական իշխանափոխության խնդիրը»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ իրենց յոթ կետերով երկրում տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության ոլորտներում և համակարգային փոփոխություն է ենթադրվում. «Դրա համար ենք մենք կարևորում և հասարակական, և քաղաքական ուժերի համախմբումը: Փորձենք համոզել, որ այս փաթեթն իսկապես ելք է երկրում արմատական փոփոխություններ անելու համար: Ինչքան մեծ կլինի համախմբումը, այնքան հեշտ կլինի դա կյանքի կոչելը»:

Անդրադառնալով ՀՅԴ ղեկավար մարմնում Սպարտակ Սեյրանյանի եւ Արսեն Համբարձումյանի չընդգրկվելուն էլ, Աղվան Վարդանյանն ասաց. «Մեր երկու ընկերները չեն ընտրվել իրենց անձնական ցանկությամբ, անձնական խնդիրների եւ զբաղվածության պատճառով, այլ բան մի փնտրեք: Նրանք մեր լավ ընկերներն են եւ շարունակելու են գործել ԳՄ-ի հետ: Առաջիկայում այլ աշխատանքներում նրանց կտեսնեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930