Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդավանի դպրոցը կհայտնվի՞ բարերարների ուշադրության կենտրոնում

Ապրիլ 22,2014 15:31

Օրերս Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցի առօրյան տարբերվում էր սովորականից: Դպրոց էին այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ տարբեր ֆակուլտետներից. բանասիրական գիտությունների թեկնածուներ, ասիստենտներ Սևակ Ղազարյանը և Սուսաննա Գաբրիելյանը, ռուսաց լեզվի և գրականության դասախոսներ Կարինե Մխիթարյանը և Մարիկա Մելքումյանը, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Սիմոնյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը և հայ ժողովրդի պատմության դասախոս Լիանա Մամյանը:

Հյուրերին սահմանամերձ գյուղի դպրոց էր բերել գյուղի շրջանավարտների և արդեն իրենց ուսումը ԵՊՀ-ում շարունակող ուսանողների բարի համբավն ու բավականին մեծ քանակը: Դասախոսները դասեր անցկացրին 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների համար՝ աշակերտներին հետաքրքրող թեմաներով՝ «Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը», «Հայկական հարցը», «Հայկական ցեղասպանությունը» և այլն: Երեխաներին ամենից շատ ոգևորեց Սևակ Ղազարյանի «Նորահայտ էջեր. Պարույր Սևակի կյանքից» թեմայով դասը, որն ուղեկցվում էր հետաքրքրասեր աշակերտների հարցադրումներով: Աշակերտների բավարարված ու ուրախ հայացքներից կարելի էր եզրակացնել, որ հանդիպումն իսկապես կայացած էր եւ ծառայել էր իր բուն նպատակին:

Ինչպես նշեց Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը, առաջին անգամը չէ, որ ԵՊՀ-ից հյուրեր են այցելում դպրոց: 2013թ. մայիսի 15-ին ԵՊՀ-ի կանոնադրության հիման վրա պայմանագիր է կնքվել ԵՊՀ-ի և Բերդավանի միջնակարգ դպրոցի միջեւ, որի արդյունքում համալսարանի դասախոսներն արդեն երկրորդ անգամ լինում են դպրոցում: Առաջին այցը եղել է 2013թ. հոկտեմբերին, որից հետո դասախոսները 10-12-րդ դասարանի մի խումբ աշակերտների հրավիրեցին ԵՊՀ, ծանոթացրին բուհի ֆակուլտետներին, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում կատարեցին մասնագիտական փորձարկումներ՝ առարկաներին խորապես ծանոթացնելու համար: Այս հանդիպումն օգնեց աշակերտներին ապագա մասնագիտություն ընտրելու գործում:

Հանդիպումները մեծ տպավորություն թողեցին եւ աշակերտների, եւ դասախոսների վրա: Վերջիններս իրենց խոսքում նշեցին, որ ուրախալի ու պարտավորեցնող է սահմանամերձ գյուղում տեսնել նման բանիմաց, խելացի ու կրթությունը բուհերում շարունակել ցանկացող աշակերտներ: Նրանք հավաստիացրին, որ այս հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: Նրանք պատրաստակամություն հայտնեցին եւ հյուրընկալվել, եւ հյուրընկալել երեխաներին: Հյուրերը, սակայն, ցավով նշեցին, որ նման խելացի աշակերտները սովորում են վերանորոգման կարիք ունեցող դպրոցում՝ հույս հայտնելով, որ մի օր այս դպրոցն էլ կհայտնվի բարերարների ուշադրության կենտրոնում:

ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930