Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երթուղային տեսություն

Ապրիլ 22,2014 15:29

63 համարի երթուղայինը Նոր Նորք է գնում: Չեմ կարող պնդել, թե շատ եմ հետաքրքրված Նոր Նորք գնացողներով: Բայց երբ այդ տղան մտավ երթուղային, տեսա, որ դիմացի նստարանին նստած աղջիկը շատ տարօրինակ հայացքով նայեց նրան: Մոտավորապես այսպիսի հայացքով. «Երանի ապագա ամուսինս լիներ»:

Եթե ուզում եք հասկանալ մարդկանց, մանավանդ՝ տղամարդկանց, խորհուրդ եմ տալիս նստել Նոր Նորք գնացող կիսաքանդ երթուղայինը եւ հետեւել ոչ թե այդ տղամարդկանց, այլ նրանց նայող աղջիկներին…

Այն աղջիկը, որը 63 համարի երթուղայինում իր հայացքով համապարփակ կամ միգուցե կիսահամապարփակ գնահատեց այդ տղային՝ թույլ տալով իր հայացքի շնորհիվ ինձ էլ շատ բան հասկանալ այդ տղայից իր ակնկալիքների մասին, երեւի թե իմ էությունն էլ միանգամից կընկալեր:

Իմ էությունն այնքան անպաճույճ ու անկեղծ է, որ 63 համարի երթուղայինում նստած այդ բավական գեղեցիկ աղջիկը՝ կիսակապույտ աչքերով, հաստատ կհասկանար իմ էությունը՝ մինչեւ ամենավերջ: Ենթադրենք, թե ես այդ տղան եմ, որին շատ հետաքրքրված հայացքով նայում էր այդ աղջիկը: Ընդ որում, այդ տղան՝ սպիտակ բաճկոնով ու բջջայինով, բոլորովին էլ չգիտեր, որ իրեն նայում է կիսակապույտ աչքերով աղջիկը: Առավել եւս, որ նայում է հենց այդպիսի՝ գնահատող կիսակապույտ հայացքով:

Հետո՞ ինչ, որ գնում եմ Նոր Նորք: Արդյո՞ք դա նշանակում է, որ ես արվարձանային եմ:
30 տարի շարունակ ապրել եմ Կոմիտասում: Կոմիտասում ապրելը չի նշանակում, որ հենց Կոմիտասում եմ ապրել: Կոմիտասում ապրելը նշանակում է նաեւ Ռայկոմում ապրել, իսկ Ռայկոմում ապրելը շատ մեծ առավելություն ունի՝ Քաղաք գնալ կարող ես հա՛մ Կոմիտասով, հա՛մ էլ աշխարհի միակ բիբլիական մայրուղով՝ Մոնումենտով՝ մերի սիրուն Արարատը տեսնելով:

10 տարի ու 7 ամիս ապրել եմ 16-րդ թաղամասում: Ինձ թվում է՝ մեր մոլորակի ամենավատ թաղամասերից մեկն է: Ճարտարապետը, որը հաստատ բարդույթներ ուներ, ընդհանուր սենյակը փորձել է բառիս բուն իմաստով «մտցնել» մեկ այլ տարածք, այդ տարածքն էլ, բնականաբար, խոհանոցն է եղել, եւ արդյունքում խոհանոցը ունեցել է 8 անկյուն… Նորմալ խոհանոցը ունենում է 4 անկյուն… Եկեք ձեզ տանեմ ու ցույց տամ այն խոհանոցը, որը նախագծել է վարպետ Օհանը… Իսկ դուք ինձ ասեք այն ընկերության խանութի տեղը, որը վաճառում է 8 անկյուն ունեցող սառնարան:

Բայց 10 տարուց ավելի Երեւանի արվարձանում՝ 16-րդ թաղամասում ապրելուց հետո, պատահաբար տեղափոխվեցի Եվրոպայի ամենակենտրոնը: Երբ վերջապես Պրահայում բնակարան հավանեցի, տուն փնտրելու շիկահեր գործակալն ասաց՝ «Բայց գիտե՞ք, որ սա Եվրոպայի կենտրոնի ամենալավ տեղերից մեկն է»:

Զատիկն անցավ, բայց շարունակ մտածում եմ տարօրինակ ու գայթակղիչ կիսակապույտ հայացքով այդ աղջկա մասին, որը երեկ Երեւանի 63 համարի երթուղայինում պարզապես հայացք ձգեց սպիտակ բաճկոն հագած այդ անտարբեր տղային…

Հետաքրքիր մի տեսություն կա՝ միգուցե վերջում պարզվի, որ մարդկության պատմության ընթացքում ամենակարեւորը ոչ թե պատերազմներն ու հեղաշրջումներն են եղել, այլ 63 երթուղայինի այդ աղջկա հայացքը… Շատ գեղեցիկ տեսություն: Տեսություն՝ տեսնել իմաստով…

Արմեն ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. zaven says:

    Պարզ,մաքուր,ընտիր ։ Ասոր կ`ըսեն արձակ բանաստեղծութիւն։
    Ապրի հեղինակը որ նոյնքան հաճելի էր
    երբ լուրեր կը հաղորդէր Շանթի (ինչու ՇԷԷԷՆԹԻ) եդերով։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930