Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական լոբբիստների ազդեցությունը թուլացել է». Amerikayidzayn.am

Ապրիլ 22,2014 15:15

«Ամերիկայի ձայն».   «Թուրքիան պետք է գիտակցի, որ հիմա աշխարհում ընդհանուր առմամբ ընդունված է այն տեսակետը, որ 1915 թվականին թուրքերը հայերի նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել», – Today’s Zaman-ին տված հարցազրույցում ասել է ամերիկյան Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն, միջազգային հարաբերությունների և քաղաքացիական հասարակության հարցերով փորձագետ Օզգյուր Ունլյուհիսարջիքլին:

«Այլ երկրներում արդեն իսկ նման ընկալում գոյություն ունի, իսկ 2015 թվականին, քանի որ իրադարձությունների հարյուրամյակն է և այն պատճառով, որ զանգվածային լրատվամիջոցները լայնորեն կկիրառվեն, այդ տեսակետը է՛լ ավելի կամրապնդվի ողջ աշխարհում», – հավելել է նա:

Բացի այդ, ըստ փորձագետի, հնարավոր է, որ որոշ կառավարություններ հարյուրամյակին ընդառաջ բանաձևեր ընդունեն՝ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելով:

Ինքը վերլուծաբանը անձնապես 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չի համարում, ասում է` զանգվածային կոտորած եղել է, բայց ցեղասպանություն բառը չի կիրառում: Ունլյուհիսարջիքլին կարծում է, որ այդ բնորոշումը տալու կամ չտալու հարցը պետք է պատմաբաններն ու իրավագետները քննարկեն: Այնուամենայնիվ, ըստ նրա, երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն դուրս գալ պաշտոնական պատմության և սեփական նախապաշարումների սահմաններից: Հայերը պետք է պատրաստ լինեն վերանայել իրենց դերակատարությունը 1915 թվականի և դրան նախորդած դեպքերում, թուրքերը ևս պետք է պատրաստ լինեն փոխել իրենց կարծիքն ու քննարկումների համար ազատ մթնոլորտ պետք է ապահովեն:

«Նրանք, ովքեր կարծում են, որ 1915 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել, չպետք է պիտակավորվեն որպես ազգի դավաճաններ», – կարծում է Օզգյուր Ունլյուհիսարջիքլին, – «Հարցը պետք է բաց և ազատ քննարկվի, մինչդեռ մենք անցյալում ականատես ենք եղել, որ մարդիկ, ովքեր գիտաժողովների ընթացքում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են անվանել, մեղադրվել են պետական դավաճանության մեջ: Նման բան չպետք է լինի»:

Թուրքերը պետք է պատրաստ լինեն վերանայել այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, հասարակական կարծիք ձևավորող գործիչներն ու գիտական շրջանակների ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն իրենց կարծիքը փոխել:

«Մինչ երկու երկրների միջև սահմանները բացելը, երկու կողմի ժողովուրդները պետք է ջանքեր գործադրեն իրենց հոգում և մտքում սահմանները բացելու ուղղությամբ», – հայտարարել է Ունլյուհիսարջիքլին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայկական կազմակերպությունների և լոբբիստների ձեռնարկելիք քայլերին՝ թուրք վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ թուրքերը չափազանցված մոտեցում ունեն հարցի նկատմամբ, թեև երբեմն չափազանց մեծ աղմուկը մարտավարական բնույթ է կրում` թույլ չտալու համար, որ բարեկամ կառավարություններն այս հարցով բանաձևեր ընդունեն:

Այս տարի Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայանպաստ բանաձևի ընդունման հավանականությունը վերլուծաբանն առավել հավանական է համարում նախորդ տարիների հեմեմատությամբ, քանի որ այժմ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները լավագույնը չեն: Հարյուրամյակին ընդառաջ հայկական կազմակերպությունները ավելացնում են ճնշումը, ու թեև նրանց աջակցությամբ Կոնգրեսի հանձնաժողովներում հայտնված բանաձևերը թուրքական լոբբին հիմնականում կարողացել է կանխել և դրանք չեն հասել Ներկայացուցիչների պալատ կամ Սենատ, սակայն վերջերս Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձև` այսպիսով ճանապարհ հարթելով Սենատում դրա քվեարկության համար, ինչը, ըստ վերլուծաբանի, վկայում է, որ թուրքական լոբբիստների ազդեցությունը Վաշինգտոնում թուլացել է:

Տաթեւիկ  ԼԱԶԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել