Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեսպան Մանուկյանը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությանը

Ապրիլ 22,2014 15:07

Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգեհանգստի պատարագ մատուցվեց, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Խաչքարի օծման արարողությունը նախագահում էր Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և թեմի հոգևոր դասի ընկերակցությամբ:

Խաչքարի օծումից հետո Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ խաչքարի տեղադրման հովանավոր, պետերբուրգցի բարերար Հրաչյա  Պողոսյանի հետ միասին բացեցին խաչքարը՝ հեռացնելով սպիտակ քողը:

Դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդես եկավ ծավալուն ելույթով: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  հույժ կարևոր և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է: Շուրջ մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից,սակայն, ցավոք,հայ ժողովրդի դեմ կատարված այդ ոճրագործությունը մինչ օրս համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել: Սա ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլև ողջ մարդկության ամոթը, քանզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը և չճանաչումը հետագայում հանգեցրեց նոր ցեղասպանությունների և ոճրագործությունների»:

Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանն, ընդգծեց, որ եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիք ձգտող երկիրը պարտավոր է դրսևորել եվրոպական պետությանը պատշաճ քաղաքավարական մակարդակ, բարոյական ուժ և քաղաքական կամք՝ պատմական անժխտելի փաստերի իրողությունն ընդունելու համար, ինչպես դա արեց Գերմանիան` դատապարտելով Հոլոքոստը: «Վերջերս Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ևս լրացուցիչ վկայություն են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը իսկապես հրատապ նշանակություն ունեցող պահանջ է»,- հավելեց դեսպանը:

Դեսպան Մանուկյանը հայտնեց, որ ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով Վրաստանում ևս ստեղծվել է հանձնախումբ, որում ընդգրկված են ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի ակտիվ գործիչներ և մտավորականներ: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է հայ ժողովրդի արդար պահանջը հասու դարձնելը նաև մեր բարեկամ երկրի՝ Վրաստանի հասարակությանն ու իշխանությանը:

Օծման արարողությանը խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ զինված ուժերի Գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, Վրաստանում Բաբտիստական-Ավետարանական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, թբիլիսահայ բանաստեղծ-թարգմանիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանը, ինչպես նաև խաչքարի տեղադրման հովանավոր Հրաչյա Պողոսյանը:

Արարողությանը բացի վերոհիշյալ բանախոսներից մասնակցում էին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վրաստանում և Հայաստանում լատինական դավանանքի կաթոլիկական եկեղեցու առաքելության կառավարիչ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս Գերաշնորհ Տեր Հանս Յոահիմ Կիդերլենը, թբիլիսահայ մշակութայինև հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930