ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Կենտրոն Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին գրավոր նամակով խնդրել է իրեն հանել Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի գործով ներգրավված պատասխանողների ցանկից:
Հիշեցնենք, որ պարոն Եղնուկյանը պատիվ է պահանջում Սամվել Ալեքսանյանից եւ Երեւանի թիվ 1 շուկայի տնօրինությունից` շուկայի պատին «գրանտակերներ, մասսոններ» գրությամբ ու իր նկարով պաստառը փակցնելու համար:
Պարոն Ալեքսանյանը նամակով բացատրել էր, որ թիվ 1 շուկա ՍՊԸ-ի սեփականատեր չէ, որեւէ կապ չունի այդ ընկերության հետ, հետեւաբար նպատակահարմար չի գտնում պատասխան ուղարկել:
Դատարանում թիվ 1 շուկա ՍՊԸ տնօրենի ներկայացուցիչ Լիաննա Բալյանն էլ առարկեց իր պաշտպանյալի նկատմամբ ներկայացված հայցին ու ասաց, որ իրենք չեն ընդունում հայցը, որովհետեւ շուկան սկսել է գործել հոկտեմբերի 7-ից, իսկ պաստառը այդ ժամանակ փակցված չի եղել պատին:
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել` պատասխանող կողմին ժամանակ տալով իրենց առարկությունը ներկայացնել գրավոր:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 13-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ