Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի գրասենյակ դաշույններով մտած «անմեղսունակը» Սպիտակի քաղխորհրդի գործկոմի նախկին նախագահն էր

Ապրիլ 22,2014 14:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Արսեն Օհանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը:

Արսեն Օհանյանը եղել է Սպիտակի քաղխորհրդի գործկոմի նախկին նախագահ, պետռեգիստրի նախկին պետ, ջերմոցային կոմբինատի նախկին տնօրեն, բարձրագույն կրթությամբ:

Այս գործով տուժողները 4 հոգի են՝ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամներ Սամվել Աբրահամյանը, Սամվել Մկրտումյանը, Արշակ Բանուչյանը, Վարդգես Հայոցյանը:

HAK.dat (2)Դատախազ Հակոբ Մելքոնյանը միջնորդել էր որոշում կայացնել հոգեբուժարանում հարկադիր բժշկական միջոց կիրառելու համար, ընդհանուր տիպի բաժանմունքում՝ մինչեւ նրա առողջանալը:

Տուժողների ներկայացուցիչը՝ Արմեն Խաչատրյանը հրապարակեց նախաքննության ժամանակ իր վստահորդների ցուցմունքները, համաձայն որի՝ 2013թ. նոյեմբերի 1-ին, ժամը 12-ին ՀԱԿ-ի գրասենյակ է մտել երկու դաշույններով զինված 50-55 տարեկան մի անձնավորություն, որը սպանության սպառնալիքներ է տեղացել, ունեցել է ռեալ սպառնալիք նրանց վնասելու, ասել է, որ կսպանի Լեւոն Տեր-Պետրոսյանին, Լեւոն Զուրաբյանին, եթե վերջինս շարունակի ԱԺ-ում ելույթներ ունենալ:

Տուժողներն ասում էին, թե սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել եւ դանակները պահել էր Հայոցյանի եւ Աբրահամյանի ուղղությամբ:

Օհանյանը հանդես եկավ իր բացատրությամբ, ասաց, որ մտադրվել է գնալ ՀԱԿ գրասենյակ, որպեսզի ներկա իրավիճակի հետ կապված ստանա բացատրություններ: Նա ասաց, որ մի քանի անգամ գնացել-եկել է, ասել են, որ Զուրաբյանը տեղում չէ, ինչ-որ մեկն էլ ասել է՝ ինչ գործ ունես էս երկրում, թող գնա, հեգնանք է զգացել, մեկն էլ նստած տեղից հարձակվել է իր վրա:

Օհանյանը գրագետ հայերենով շարադրում է իր բացատրությունը՝ տեղ-տեղ հուզվելով: Նա ասաց, որ այդ ժամանակ պատին տեսել է Վանո Սիրադեղյանի նկարը եւ ընդվզել է, զայրացել, որ թեկուզ ՀՀՇ-ի կամ ՀԱԿ-ի գրասենյակում «իրավունք չունի ռեկլամվելու պետական հանցագործը»:

Նա ներկայացրեց Սպիտակի քաղխորհրդի նախագահ լինելու ժամանակահատվածը, երբ Սպիտակը կարիք ուներ օգնության, իսկ այդ նույն ժամանակ ՀՀՇ պատգամավորները 5-6 անգամ անվստահություն են հայտնել իրեն, ինչից սթրես է տարել եւ 2 անգամ բուժում ստացել սթրես կենտրոնում: Նա նշեց, որ այդ նույն ժամանակահատվածում կային լավ աշխատողներ՝ Հրանտ Բագրատյանը, Արա Սահակյանը, Չիֆթալաքյանը:

Նա դիմեց տուժողների ներկայացուցչին՝ ասելով, որ պապը եղել է Գեորգիեւյան շքանշանակիր, հայրը Թամանյան դիվիզիայից էր, հորեղբայրը՝ Հունգարիայի համար զոհված, ինքը երբեք քրեածին տարր չի եղել. «Դուք ո՞վ եք, 42 օր հիվանդանոցում լինելով հասկացա, որ ձեզ պետք է բուժել եւ ոչ թե ինձ»:

 

Ի դեպ, Օհանյանի շահերը ներկայացնում է Հանրային պաշտպանի գրասենյակից ճանաչված փաստաբան Անահիտ Եսայանը, ներկայացուցիչն է դուստրը՝ մասնագիտությամբ հոգեբույժ եւ խնդրեց, որ հոր հարկադիր բուժումը լինի տանը, ոչ ստացիոնար:

Դատարանը որոշեց չարգելել լրատվամիջոցներին լուսանկարահանել դատական գործընթացը՝ բացառությամբ Ա. Օհանյանի, թեեւ Ա. Օհանյանը դեմ չէր իրեն նկարահանել:

Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ:

Mnacakan Martirosyan
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տեսանյութը՝ https://news.am/-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930