Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը խոստացել է կասեցնել «պարտադիր» բաղադրիչը

Ապրիլ 22,2014 14:18

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ուղղությամբ քայլեր անել:

Առաջիկա երկու օրերին պատրաստ կլինի կառավարության մշակած օրենքի նոր նախագիծը, որը կդրվի քննարկման: Արծվիկ Մինասյանի խոսքով, մինչև հաջորդ երկուշաբթի կառավարության նոր նախագիծը պատրաստ կլինի:

Arcvik MinasyanԱյսօր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բացի ՀԱԿ-ից:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս առիթով www.panorama.am-ին ասել էր. «Մենք մեր բոլոր առաջարկները ներկայացրել ենք և բացի այդ, ստորագրել ենք այն դիմումի տակ, որը ուղարկել ենք Սահմանադրական դատարան: Այսինքն, Սահմանադրական դատարան ուղարկված մեր դիմումի բովանդակության մեջ որևէ փոփոխություն չկա: Հիմա թե կառավարությունը ինչ կորոշի, ինչ առաջարկով կմտնի խորհրդարան, դա իրենց գործն է: Մենք քննարկելու բան չունենք, իրենք պետք է ներկայացնեն առաջարկ»:

Հովիկ Աբրահամյանի հետ այսօրվա հանդիպումը խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն, ընդհանրապես, արդյունավետ են գնահատում: «Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել, և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցին: Խնդիրը երկու փուլի է բաժանվում, առաջին փուլն այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը: Դա նշանակում է, որ այնպիսի փոփոխություններ պետք է լինեն, որոնք թույլ կտան, որ քաղաքացիները բացառապես իրենց կամարտահայտությամբ համակարգին մասնակցեն, չի լինելու որևէ պարտադրանք, չի լինելու տույժ ու տուգանք: Երկրորդ փուլն արդեն նոր մոդելի մշակումն է, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավումը, դա ավելի երկար ժամանակ է պահանջում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Որ այս փուլում պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր անել, Արծվիկ Մինասյանը շատ կարեւոր է համարում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանն այսօրվա քննարկմանը հստակ ասե՞լ է, որ պարտադիր բաղադրիչը չի գործելու և պարտադիր պահումներ չանող գործարարները չե՞ն տուգանվի, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, ասել է, գործատուներն էլ տույժ ու տուգանքներ չեն վճարի»:

Միաժամանակ ՀՅԴ պատգամավորն ասաց՝ քանի դեռ կառավարության նոր նախագիծը պատրաստ չէ, իրենք վերջնական եզրակացություն չեն կարող անել` առաջարկելով սպասել նոր նախագծին: Հարցին, թե այս դեպքում ԱԺ ոչ իշխանական ուժերը, որոնք ԱԺ արտահերթ լսումներ էին փորձում կազմակերպել պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ, հետ կկանգնե՞ն իրենց մտադրությունից, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այս պահին, քանի դեռ չկա կառավարության նախագիծը, նման պնդում անելը ճիշտ չէ: Նախագիծը կլինի, կտեսնենք, թե որքանով են մեր և Դեմ եմ շարժման առաջարկություններն իրացված այդ նախագծում, այն ժամանակ էլ կտանք մեր հետագա քայլերի վերաբերյալ հստակ տեղեկություն»:

Հարցին`ինչո՞վ են իրենք բացատրում կառավարության դիրքորոշման փոփոխությունը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր կարծիքով՝ Սահմանադրական դատարանի որոշումն ավելի խորությամբ ընթերցվել է, ինչպես նաև հասարակական ընդվզումը, Սերժ Սարգսյանի դրական դիրքորոշումը համակարգը վերանայելու ուղղությամբ ու Հովիկ Աբրահամյանի բազմիցս հնչեցրած ցանկությունն իրար հետ համատեղվել են. «Դրան գումարվեց քաղաքական ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերի պատրաստակամությունը, որ համագործակցեն հարցը լուծելու ուղղությամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930