«ԱՄՆ դիրքորոշումը այս անգամ ևս երկիմաստ կլինի»,-հարցին ինչպիսի՞ ուժեղ ու տպավորիչ ելույթ սպասել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ապրիլի 24-ին, այսպես պատասխանեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, թե այս տարի ԱՄՆ-ից ուժեղ հայտարարություն է պետք սպասել: Շարունակելով խոսքը՝ պարոն Հարությունյանը նշեց. «Օրեր առաջ ՄԱԿ-ում որոշվեց Քեսաբի հարցը քննարկել, բայց ԱՄՆ-ի կողմից հարցը օրակարգից հանվեց: Սրա պատճառն այն է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներում սերտ գործակցում են»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ սպասվող ելույթին, պարոն Հարությունյանն ասաց. «Օբամայի ելույթներն ընդհանրապես շատ տպավորիչ են, բայց ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ` այդ հայտարարությունը էմոցիոնալ բնույթ կրի: Մյուս կողմից էլ այդ հայտարարությունները արժեզրկվել են»:
Aravot.am-ը հիշեցրեց Կիրո Մանոյանի այն դիտարկումը, թե անհրաժեշտ է արդեն այս տարի ձերբազատվել հայ-թուրքական արձանագրություններից: Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Շարլ Դե Գոլը մի լավ արտահայտություն ունի. «Ցանկացած պայմանագիր, ինչպես ծաղիկներն ու կանայք, շատ շուտ թառամում են: Չեմ կարևորում այդ արձանագրությունների դերակատարությունը: Ժամանակին ճիշտ քայլ կատարվեց՝ ստորագրվեցին այդ արձանագրությունները: Իսկ այժմ չեմ կարծում, որ նման հանդիսավոր քայլեր են պետք անել: Ստորագրությունները ետ կանչելը սկզբունքային չեն, եթե չեն արձանագրվում, վերածվում են թղթի կտորի: Ըստ ինձ՝ այս պայմանագրերը բավականին թույլ դերակատարություն ունեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ