Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արխիվի տնօրեն. «Արխիվը քաղաքականությամբ չի զբաղվում, մենք ցույց ենք տալիս» (Տեսանյութ)

Ապրիլ 22,2014 13:21

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում խոսեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող աշխատանքների մասին:

«Հայաստանի ազգային արխիվը փաստաթղթերի պահպանող է եւ քաղաքականությամբ զբաղվող չէ, մեր խնդիրն է ցույց տալ՝  հայերի հետ ի՞նչ է եղել եւ ինչպես է եղել 1915 թ ապրիլ-մայիսից սկսված եւ մինչեւ 1916 թվականը Օսմանյան Թուրքիայի տարածքում: Մեր խնդիրը գիտականորեն մշակված, առանց խմբագրելու փաստաթղթերի ներկայացումն է… Այդ աշխատանքը սկսված է տասը տարի առաջ, փաստաթղթերը արդեն հրատարակվում են, եռահատոր է հրատարակվել, դրանից մեկ հատոր էլ անգլերեն: Նշեմ, որ փաստաթղթերի 45 %-ը անգլալեզու հատորում է»,-նշեց ազգային արխիվի տնօրենը:

Նրա խոսքով, Ցեղասպանության հետ առնչվող փաստաթղթերի՝ այլ լեզուներով հրատարակումը շարունակվում է: Պարոն Վիրաբյանը փաստում է, որ թուրքերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով հրատարակումը, խմբագրումը, թարգմանումը ոչ թե պետական բյուջեի հաշվին է, այլ «Վան» հասարակական կազմակերպության միջոցներով:

Նրա խոսքով, իրենց խնդիրներից մեկը զոհված հայ բնակչության մասին տեղեկությունների շտեմարանի ստեղծումն է, հարյուր տարի է անցել, աշխատանքն ուշ է սկսվել, ցավոք, քիչ բան է պահպանվել: Ամատունի Վիրաբյանի խոսքով, բնակավայրեր կան, որտեղից ոչ  մի մարդ չի փրկվել, միայն հայտնի է, որ ըստ ազգագրական տվյալների այդտեղ ապրել են հայեր:

«Բնականաբար սա վիճահարույց հարցեր է ծնելու… Գտնված  անունները, այնուամենայնիվ կհրապարակվեն համացանցում, հատուկ ծրագիր ենք ստեղծել, որով աշխատում ենք…»,- հայտնեց բանախոսը:

Նա հավելեց, որ Հայաստանի ազգային արխիվը համագործակցում է Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանի հետ, օրինակ, կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի ազգային արխիվը այդ թանգարանին կտրամադրի, Հայրենական պատերազմի տարիներին Հայաստանում ապաստանած հրեաների մասին տվյալներ:

Ամատունի Վիրաբյանը նշում է, որ արխիվի նպատակն է փաստաթղթերով ցույց տալ, որ ոչ միայն հայազգի բնակչությանն են վերացրել, այլեւ նրանց կոթողները, եկեղեցիները, հայերը նյութական վիթխարի կորուստներ են կրել: «Ժամանակին 1919-ին դա հաշվվել է երկու մլրդ ֆրանսիական ֆրանկ՝ մոտավոր հաշվարկներով, չգիտեմ, թե հարյուր տարվա ընթացքում ինչքանով է այդ թիվը կրկնապատկվել, բայց կան այդ մասին անկետաներ, փաստաթղթեր, որոնք պահվում են Հայաստանի արխիվում եւ հրապարակվել են: Մեր աշխատանքները շարունակվելու են, 1915 թվականից հետո մեր անելիքներն ավելի են շատանալու»,- ասում է բանախոսը:

Հայաստանի ազգային արխիվը համագործակցում է նաեւ Ֆրանսիայի արխիվային ծառայության հետ, ինչի արդյունքում ցուցահանդես կբացվի, որը վիրտուալ էլ կլինի:

Այս պահին Հայաստանի ազգային արխիվում ցեղասպանության հետ առնչվող 12000 փաստաթուղթ կա, տնօրենի խոսքով, իր ամեն հրապարակային ելույթից հետո մարդիկ նոր արխիվային նյութեր են բերում: Ազգային արխիվի տնօրենը ցանկանում է այդ աշխատանքներին մեծ ծավալներ հաղորդել, բայց դրա համար նաեւ ֆինանսներ են պետք, ինչից «խեղճ» են. «Առայժմ մեր եղած նյութական միջոցների, աշխատանքային ռեսուրսների շրջանակներում ենք այդ ամենը անում: Անթիլիասի արխիվում կան մեծ քանակությամբ տվյալներ, Երուսաղեմի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Ֆրանսիայի արխիվները եւս հարուստ են…

30000 որբի հարցաթերթիկներ ունենք, նման որբեր եղել են ամենուր՝ Սիրիայում, Լիբանանում: Լավ կլինի աշխատանքներում ընդգրկեն բոլորը՝ Սփյուռքը, եկեղեցին, հասարակական կառույցները, կուսակցությունները: Պարսկական արխիվներում եւս կան մեծաթիվ փաստաթղթեր, պարսիկները պատրաստակամ են մեզ աջակցել, բայց մենք պասիվ ենք»:

Ինչ վերաբերում է Թուրքիային, նրանց արխիվները զտվել են, բայց փաստաթղթեր կան զինվորական արխիվներում, որոնք, սակայն, փակ են անգամ Թուրքիայի մասնագետների համար:

Ամատունի Վիրաբյանը նաեւ հավելում է, ամեն տեղ չէ, որ հայերը հնազանդ են եղել թուրքերին, միայն Վանի, Շապին-Գարահիսարի, Մուսա լեռան ինքնապաշտպանությունը չի եղել, շատ վայրերում են հայերը ըմբոստացել ու ինքնապաշտպանվել, ուղղակի որոշ տեղերում փրկվել են, եթե ռուսները հասել են, որոշ վայրերում՝ զոհվել:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930