Այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հումանիտար աղետների արագ արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին փախստականության մի քանի կազմակերպություններ, քաղաքական-հասարակական գործիչներ, երիտասարդական հասարակական նախաձեռնությունների անդամներ:
Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի անդամ Մարիամ Ավագյանն ասաց, որ քննարկումը նպատակ ունի վերջ դնել վերջին հարյուրամյակի ընթացքում հայերի նկատմամբ անընդհատ տեղի ունեցող հանցավոր վերաբերմունքին, հայրենազրկման գործընթացներին. «Ցավով կարող եմ նշել, որ միջազգային հանրության կազմակերպությունները հայերի նկատմամբ իրականացվող բոլոր հանցանքները թողնում են անպատժելի: Տեսնում ենք, որ միջազգային կազմակերպությունները ոչինչ չեն անում այդ հանցագործությունները եւ ոճրագործությունները կանխելու ուղղությամբ: Սրան վերջ տալու համար անհրաժեշտություն կա ինքնուրույն միաբանվելու, ամբողջականանալու միջոցով ստեղծել միասնական անվտանգության համակարգ» :
Մարիամ Ավագյանի խոսքերով վերջին 130 տարիների ընթացքում հայության նկատմամբ շարունակաբար տեղի ունեցող հանցագործությունները ստիպում են հայերին սփռվել աշխարհով մեկ, զրկում են ազգային ինքնությունը պահպանելու հնարավորությունից:
Տիկին Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսպիսի անպատժելիության միջավայրում անսպասելի պետք է չլիներ Քեսաբում վերջերս կատարված իրադարձությունները: «Գտնում եմ, որ այն ինչ կատարվել է Ադրբեջանի տարածքում՝ Սումգայիթում, Նույնը հիմա կատարվում է քեսաբահայության համար»: Մարիամ Ավագյանը հայտեց, որ այս խնդրի շուրջ ակնկալում են սերտ համագործակցություն հայության բոլոր հատվածների եւ կառույցների հետ:
Կարդացեք նաև
Քննարկման ընթացքում մասնակիցները եկան այն եզրակացության, որ Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից շրջափակված լինելը, պատերազմի վտանգը, բերում են այն բանի, որ հայերը պետք է ինքնուրույն միաբանվեն, համախմբվեն եւ կարողանան ինքնուրույն կարգավորել իրենց անվտանգության համակարգը.» Այլապես նոր փորձությունների դիմանալ արդեն չի կարող հայ ազգը: Տեղի է ունենում մասսայական ապաքրիստոնեացում»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ