Ըստ հայկական Democracy today և նրա գործընկեր ադրբեջանական ՀԿ-ների համատեղ հետազոտության` ներքին տեղահանված հայ և ադրբեջանական բնակչությունը չի ցանկանում հետ վերադառնալ:
Democracy today ՀԿ հիմնադիր Գյուլնարա Շահինյանը «Մեդիալաբին» ասում է, որ համատեղ ուսումնասիրության արդյունքները տրամադրվել են Մինսկի խմբին, և նրանք իրական թվերը գիտեն, սակայն հանրության համար հրապարակելի չեն:
«Որովհետև գործընկերս խնդիր կունենար իր երկրում, քանի որ վերադառնալ ցանկացողների թիվը շատ ցածր էր,- «Մեդիալաբին» ասում է նա,- ընդ որում նրանց մեծ մասը ցանկություն է հայտնել գնալ նախկին բնակավայր, տեսնել ու հետ գալ: Մեր մոտից ցանկացողներն ավելի քիչ էին»:
Այս ՀԿ-ն 1994թ-ից սկսած կանանց մասնակցությամբ զբաղվում է խաղաղաշինությամբ և կոնֆլիկտների հաղթահարմամբ: Արդեն երկու տարի է, որ նրանք Կովկասում կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների և ակտիվ խմբերի ներկայացուցչությամբ կազմակերպում են կոնֆերանս, որտեղ քննարկվում է կնոջ դերը համապետական բոլոր հարթություններում՝ իշխանություններ, բանակցություններ, ԶՈՒ և այլն:
Կարդացեք նաև
Այս տարի մասնակցում էին 76 ներկայացուցիչ, Ադրբեջանից նրանց գործընկերը միացավ Skype-ով:
«Մայր և դուստր» դաղստանյան ՀԿ ղեկավար Մալիկադ Ջաբիրովան «Մեդիալաբին» ասում է, որ Դաղստանում, օրինակ միտում վաղահասության շրջանում՝ 14-15 տարեկան աղջիկներին ծնողների համաձայնությամբ կնության տալ՝ առանց աղջկա կարծիքը հարցնելու:
Նրա գործընկեր Մարինա Սեֆիրովնան «Օկտավա» ՀԿ-ից ավելացնում է, որ Դաղստանում կրոնացման պատճառով աղջիկներին դպրոց չեն տալիս: Այս միտումը հիմնականում նկատվում է Իսլամի տարատեսակ համարվող սալոֆիզմ դավանողների շրջանում:
«Աղջիկները դպրոց են հաճախում մինչև 3-րդ դասարան, լավագույն դեպքում՝ մինչև 5-րդ դասարան, այն էլ՝ չադրայով,- ասում է նա,- սա իհարկե տարածված է լեռնային շրջանների գյուղական վայրերում, այնուամենայնիվ կազմում է աղջիկ երեխաների մոտ 3 տոկոսը»:
Սեֆիրովան ասում է, որ Դաղստանում կրոնացման միտում է նկատվում, որը նա կապում է կոռուպցիայի բարձր մակարդակի ու անարդարությունների հետ. «Երբ հենման այլ սյուներ չի մնում, մարդիկ մխիթարություն փնտրում են կրոնում»:
Դաղստանում և Չեչնիայում մեկ այլ խնդիր է բազմակնությունը: Սակայն, եթե, Չեչնիայում կանայք հիմնականում դեմ են ընտանիքում երկրորդ կին մտնելու մտքին, ապա Դաղստանյան որոշ կրոնական ընտանիքներում, նույնիսկ կանայք են իրենց ամուսինների համար այլ կանայք ընտրում:
«Ճիշտ մահմեդականի համար մեկից ավելին կին ունենալը ոչ միայն ողջունելի է, այլ՝ նրա պարտականությունը,- ասում է Ջաբիրովան,- իհարկե դա կախված է հնարավորություններից, սակայն հիմա այս երևույթը թափ է հավաքում»:
Չեչնիայի «Սինտեմ» ՀԿ ղեկավար Իննա Հայրապետյանն ասում է, որ իրենց մոտ երկրորդ կին բերելու անհրաժեշտությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ առաջին կինն ունենում է 4-6 աղջիկ, և հետո էլ չի կարողանում ունենալ, իսկ ամուսնուն արու զավակ է պետք, և առաջին կինը ստիպված համաձայնվում է:
Այս երկրներում ծնելիությունը չափազանց բարձր է, ու, որպես կանոն, կինը մինչև 30 տարեկանը արդեն երեք երեխա ունի: Դաղստանի բնակաչությունը մոտ 3 մլն է, Չեչնիան՝ մոտ 1 մլն:
Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լուսանկարը` Democracy today-ի ֆեյսբուքյան էջից:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: