«Դեմ եմ»-ի անդամները չեն շտապում հետեւություններ անել, ոչ էլ պատրաստվում են գնալ այդ երկխոսությանը` մինչեւ իրենց որոշակի, հստակ պահանջները չկատարվեն, ինչն ըստ էության հենց ՍԴ-ի վճռով կայացրած որոշման պահանջներն են:
Այս հարցի շուրջ զրուցեցինք նախաձեռնության անդամ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հետ:
-Քաղաքացիական նախաձեռնությունը ինչպես նախորդ վարչապետի ժամանակ, այնպես էլ հիմա հրաժարվում է կառավարության, մասնավորապես վարչապետի երկխոսության առաջարկներից: Ի՞նչն է պատճառը։
-Առաջին հերթին իհարկե վստահության կորուստն է: Մեր երկրում իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամ կա: Եվ դրա համար հիմնավոր պատճառներ գոյություն ունեն։ Պաշտոնյաները բազմիցս խոստումներ են տվել, իսկ հետո պարզվել է, որ այդ խոստումներն ընդամենը քաղաքական արտահայտություններ են եղել:
Վստահությունը հնարավոր է վերականգնել մի եղանակով` ասվում է ինչ-որ բան եւ արվում է: Ասելը լսել ենք, հիմա սպասում ենք անելիքներին: Միայն անելիքներից հետո հնարավոր է վստահության ինչ-որ նշույլներ ի հայտ գան հասարակության մեջ:
Կարդացեք նաև
Բացի դրանից, վարչապետը մեզ առաջարկում է գնալ երկխոսության այնպիսի հարցերի, պահանջների շուրջ, որոնք մերը չեն, այլ Սահմանադրական դատարանի որոշումներն են: Եվ մեզ ասում են՝ գնանք խոսենք, տեսնենք, թե ՍԴ-ի որոշումներից որը կարելի է անել, որը չանել, ինչպես անել, ինչ ընկալմամբ անել:
Սահմանադրական դատարանի որոշումները չեն քննարկվում, դրանք պարզապես կատարվում են: Այժմ նոր վարչապետը լավ հնարավորություն ունի իր քայլերով ցույց տալու, որ մեր երկրում իսկապես ոչ ոք իրավունք չունի Սահմանադրական դատարանի որոշումները չկատարել, ինչպես որ ինքն է հայտարարել:
Ի վերջո մենք իրավասու չենք որեւէ մեկի անունից երկխոսելու: Այս համակարգը վերաբերում է ամբողջ հասարակությանը, եւ մենք այդ հասարակության փոխարեն որոշումներ կայացնելու, զիջումների գնալու պատասխանատվությունը չենք ստանձնի: Մենք ընդամենը կարող ենք ներկայացնել հանրության պահանջը, այն է՝ կատարել ՍԴ-ի որոշումները։
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում