Հատված Եվրամիության Արևելյան գործընկերության Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանի հարցազրույցից:
– Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա հստակեցրել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել: Ի՞նչ խնդիր կա, ըստ Ձեզ, որ պաշտոնական մակարդակում թաքցվում է:
– Իմ համոզմամբ` Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն այլևս արդիական չէ նույնիսկ Ռուսաստանի համար: Ռուսաստանի համար Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը պարզապես անհրաժեշտ էր, որպեսզի կասեցվի ԱՀ-ի նախաստորագրման գործընթացը, և այդ խնդիրը լուծված է:
Բայց արդիական է մնում` Եվրասիական միություն ձևավորելը, որպես ռուսական կայսրության մի նոր տեսակ: Սա է պատճառը, որ այսօր կամաց-կամաց սկսում են ավելի շատ խոսել ոչ թե Հայաստանի Մաքսային միության միանալու մասին, այլ Եվրասիական միությանը միանալու մասին, այսինքն՝ այդ կայսրության մաս կազմելու մասին:
Ինձ թվում է, որ ընդհանրապես Մաքսային միության արդիականությունը կորում է, որովհետև այն շատ ավելի ցածր ինտեգրացիոն մոդել է, քան Եվրասիական միությունը, և այլևս հետաքրքիր չէ Ռուսաստանին: ՌԴ-ն ձգտում է ավելի խոր ինտեգրացիայի, ավելի խոր կապվածության և հսկողության իրեն շրջապատող երկրների նկատմամբ՝ այսինքն՝ ԽՍՀՄ մի մասը գնում է նոր կայսրության մասը դառնալու ճանապարհով: Այսինքն՝ ՄՄ-ին միանալու հայտարարությունն ու ՄՄ-ն ընդհանրապես իր գործառույթն իրականացրել է:
Կարդացեք նաև
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում