Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներին եւ չի բանավիճելու Սերժ Սարգսյանի հետ. 2rd.am

Ապրիլ 22,2014 12:02

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական` 2rd.am կայքին տված հարցացրույցում անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին և մի շարք այլ հարցերի: Կայքը նաեւ տեղեկացնում է, որ հարցերի մի նոր խմբաքանակ է ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն:

 

Պարոն նախագահ, Հայաստանի քաղաքական կյանքի վերջին ամիսների արդիական թեմաներից մեկը նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն են: Ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները երկրի ղեկավարի այդ նախաձեռնությանը և հիմնական օրենքում առաջարկվող փոփոխություններին:

Իշխանությունների մտադրությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով ես ձեռնպահ էի մնում մեկնաբանություններից: Այժմ, երբ առաջարկվող փոփոխությունների ուրվագիծն արդեն հրապարակվել է, հնարավոր համարեցի ներկայացնել իմ տեսակետը:

Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ: Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա:

Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ:

Իրադրությունը ուղիղ հակառակն է այն իրավիճակի, որը նախորդեց 2005 թվականի բարեփոխումներին: Այն ժամանակ Սահմանադրությունը լիազորությունների ակնհայտ գերակշռություն ուներ` հօգուտ նախագահի ինստիտուտի` ի հաշիվ խորհրդարանի և կառավարության: Նա էր ձևավորում նաև ամբողջ դատական իշխանությունը:

Կառավարության բոլոր որոշումները հաստատում էր նախագահը: Ավելին, վարչապետը կառավարության նիստերն անց էր կացնում նախագահի հանձնարարությամբ: Նախագահը փաստացիորեն ուներ խորհրդարանը լուծարելու միանձնյա իրավունք և այլն: Ըստ էության, ձևախեղված էին իշխանությունների տարանջատման և նրա ճյուղերի միջև հավասարակշռության մասին հիմնարար ժողովրդավարական պատկերացումները: Սահմանադրական բարեփոխումն այն ժամանակ դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից և ԵԽ անդամակցության պարտավորություններից մեկը:

Այսպիսով, այն ժամանակ համընկնում էին սահմանադրական բարեփոխումներ կատարելու երեք կարևորագույն հանգամանք`ժողովրդավարական նորմերին նրա անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցությունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները: Այս գործոններից ոչ մեկն այսօր գոյություն չունի:

Բայցևայնպես, նույնիսկ այդպիսի գործոնների առկայության պայմաններում, ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրև թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապետի աթոռին: Չնայած իմ բազմաթիվ ու միանշանակ հայտարարություններին, որ այդպիսի բան չի լինի, ընդդիմախոսներին հակառակը համոզել ինձ չհաջողվեց /իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից՝ չկառչելով որևէ պաշտոնից/:

Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք:

Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության և առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է:

Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդհանրապես կասկածելի են: Խոսքը գործող Սահմանադրության այս կամ այն հոդվածները հղկելու մասին չէ. դա կատարելագործման բնական գործընթաց է՝ լրամշակման միջոցով: Խոսքը պետական կառավարման բնագավառում հաճախակի փոփոխությունների խնդրայնության մասին է: Այդպիսի փոփոխությունների իրականացումը իշխանությունների կազմակերպչական ռեսուրսների էական ծախսեր է պահանջում: Ի դեպ, հասարակությունն իներցիոն բնույթ ունի և երկար է հարմարվում այդպիսի փոփոխություններին: Այդ պարագայում իրենք` իշխանության ինստիտուտներն էլ ադապտացվելու երկար ժամանակի կարիք են զգում: Կարծում եմ, որ երկրում առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել: Իշխանությունը կարող է ուշադրությունը կենտրոնացնել դրանց լուծման վրա: Մի խոսքով, Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել:

Իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այդ սահմանափակման ամրագրումն է:

Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա, առավել ևս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել “անընդմեջ” բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի:

Եվ վերջին հարցը: Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ արեց Ձեր հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում: Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատասխանը:

Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930