Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող է ձեռնարկատիրությունը զարգանալ մի երկրում, որտեղ հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարի գերդաստանը խոր բիզնեսներ ունի. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 22,2014 11:16

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը նախաձեռնել եւ մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ, որով նախատեսվում է մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում։

ՊԵԿ նախագահի այս հայտարարությունը առանձին հմայք է ստանում մի իրադարձության ֆոնին։ Ընդամենը մեկ ամիս առաջ՝ մարտի 13- ին, ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում բացասական եզրակացություն էր տվել շրջանառության հարկը նվազեցնելու մասին ԱԺ մի քանի պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։ Բայց հիմա պարզվում է, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է դրույքաչափը նվազեցնելու մասին օրենսդրական փոփոխություններ։

Առայժմ դժվար է ասել, թե որքանով կնվազեցվի, օրինակ, շրջանառության հարկը, կամ ուրիշ ինչ օրենսդրական փոփոխություններ կիրականացնի այս կառավարությունը։ Փաստ է, որ մինչ այժմ ՀՀ որեւէ կառավարություն չի հայտարարել, օրինակ, որ աջակցությունը ձեռնարկատիրությանը երկրորդական խնդիր է, կամ երկրի առաջընթացի հիմքը տնտեսությունը չէ, կամ կառավարությունը թքած ունի բիզնեսով զբաղվել ցանկացողների վրա…:

Բայց արդյո՞ք Հայաստանում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը հարկային ծանր բեռն է: Եթե ուսումնասիրենք եվրոպական երկրների հարկային օրենսդրությունները, ապա կպարզվի, որ այնտեղ հարկերը շատ ավելի ծանր են, բայց Եվրոպայում արտադրված ապրանքների ինքնարժեքը շատ դեպքերում ավելի ցածր է, որակն էլ բարձր։ Տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում մենաշնորհներն են ու արտոնյալ «գործարարների» գոյությունը։ Առանց այդ խոչընդոտը վերացնելու Հայաստանում հնարավոր չէ արմատական փոփոխություններ իրականացնել ու պայմաններ ստեղծել տնտեսության բնականոն զարգացման համար։ Իսկ առանց այդ խնդիրը լուծելու գնալ հարկային դրույքաչափերի մեխանիկական կրճատմանը, մեծ հաշվով, անիմաստ է։

Օրինակ՝ ի՞նչ իմաստ ունի կրճատել փոքր խանութների հարկային բեռը, եթե միայն մի գործարար ամբողջ քաղաքը պատել է իր հսկայական սուպերմարկետներով ու դրանց թիվը գնալով ավելանում է։ Նման պայմաններում փոքր խանութների հարկային բեռը թեթեւացնելով՝ առավելագույն էֆեկտը, որ կարելի է ակնկալել, կլինի այն, որ դրանք կփակվեն, պատկերավոր ասած, ոչ թե մեկ շաբաթից, այլ մեկ ամսից։ Ո՞ր փոքր գործարարը կարող է դիմանալ մի միջավայրում, որտեղ առաջին անհրաժեշտության սննդամթերքի շուրջ կեսը ներկրում է միայն մի ընկերություն, ու իրացնում իր առեւտրի օբյեկտներում։

Ինչպե՞ս կարող է ձեռնարկատիրությունը զարգանալ մի երկրում, որտեղ հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարի գերդաստանը խոր բիզնեսներ ունի։ Ինչպես կարող է տնտեսություն զարգանալ մի երկրում, որի վարչապետը նույնիսկ իր պաշտոնական հայտարարագրում տասնյակ միլիոնավոր դոլարների ունեցվածք է հայտարարագրում այն դեպքում, երբ տարիներ շարունակ եղել է պետական պաշտոնյա եւ բիզնեսով զբաղվելու իրավունք չի ունեցել։

Այս ամենի ֆոնին շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը ընդամենը շատ ծանր հիվանդին մեկ հաբ ասպիրին տալու նման մի բան է

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930