ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարց էր ուղղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2011 թվականի ապրիլի 7-ին ընդունված բանաձեւի կապակցությամբ, ուր նշված էր, որ ԵՄ կառույցները պետք է չճանաչված պետություններում վստահություն ներշնչող ծրագրեր իրականացնեն եւ երկխոսություն ծավալեն քաղաքացիական հասարակության հետ։
Հայ պատգամավորը փորձել էր ճշտել, թե ինչո՞ւ մինչ օրս որեւէ նման ծրագիր չի իրականացվում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում եւ ինչո՞ւ ԵՄ ինստիտուտները չեն կատարում իրենց իսկ խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը։
Ի պատասխան հայ պատգամավոր բանավոր հարցի, նախօրեին Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը գրավոր նամակ է ուղարկել հայ պատգամավորին, ուր ասված է՝
«Հարգելի Նաիրա Զոհրաբյան,
Կարդացեք նաև
Շնորհակալություն եմ հայտնում Ձեր կողմից փետրվարի 4-ին ուղարկված նամակի համար, որտեղ, հղում անելով եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւին, ասվում էր, որ ԵՄ-ն պետք չճանաչված պետություններում ներգրավվի և զարգացնի այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն վստահության և երկխոսության ամրապնդմանը չճանաչված պետություններում հասարակությունների միջև։ Դուք հատուկ ընդգծել էիք Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որին ես խոստացա պատասխանել գրավոր:
7/04/2011-ի ընդունված՝ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ բանաձևի շրջանակներում ես կցանկանայի ընդգծել, որ այս հարցը բազմիցս քննարկվել է անցյալում և մի շարք բանաձևեր են ընդունվել: Այսպիսով, Եվրոպական խորհրդարանի համար ԵՄ-ի հիմնական նպատակն է խթանել վստահության ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը ոչ միայն առաջնորդների, այլև քաղաքացիական կազմակերպությունների միջև: Լիագումարը, այսպիսով, կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին աջակցել քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրերին, որոնք միտված են խթանելու հաշտությանը և տեղական բնակչության միջև շփումներին:
Ավելին, 2012 թ-ին ընդունած 2 օրենքներում, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին, Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Եվրոպական հանձնաժողովը և ԱԳԵԾ-ն (Արտաքին գործերի եվրոպական ծառայություն) աջակցեն վստահության ամրապնդման միջոցառումներին, որոնք կտարածեն երկկողմանի խաղաղության, հաշտության, վստահության գաղափարներ: Բացի այդ, ԵՄ-ի ֆինանսավորած ծրագրերը նպատակ ունեն խթանելու փոխզիջմանը և խաղաղ կարգավորմանը:
Ես ուրախ եմ մատնանշելու, որ այս խոսքերը գործ են դարձել: ԵՄ-ն այժմ ֆինանսավորում է «Եվրոպական համագործակցություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» ծրագիրը:
Այս բացառիկ նախաձեռնությունը նպատակ ունի դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ իրականացնելով բազմազան ծրագրեր տեղական գործընկերների հետ՝ խթանելու տարածաշրջանում տևական խաղաղությանը: «Եվրոպական համագործակցություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» ծրագիրը համակարգում է այն գործողությունները, որոնք իրականացվում են տարածաշրջանում 5 հիմնական եվրոպական կազմակերպությունների կողմից՝ համագործակցելով տեղական գործընկերների հետ: Տեղական ՀԿ-ները, ինչպես նաև անհատները, որոնց հուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարող են մասնակցություն ունենալ:
Իրապես, ԵՄ պատվիրակությունը Երևանում 15/11/2013 թ-ին ծրագրային առաջարկներ է ներկայացրել ԵՄ տարածաշրջանային դրամաշնորհների նախաձեռնության սխեմայի երկրորդ փուլում իրականացնելու համար: Առաջին փուլում, ըստ տեղեկատվության, բազմաթիվ սեմինարներ են կազմակերպվել, որոնք համախմբել են երիտասարդներին, կանանց, տեղահանվածներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին՝ խթանելու վստահության ամրապնդմանը:
Ուստի, ես հույս ունեմ, որ քաղաքական խթան տալով նման նախաձեռնություններին, որոնց մենք լիովին հավատարիմ ենք մնում, Եվրոպական խորհրդարանը ամրապնդել է Եվրոպական միության միջնորդական կարողությունները՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, քանի որ մենք զգում ենք, որ դրանք անհրաժեշտ են երկխոսության արդյունավետության համար, ինչը թույլ կտա վերանայել անցյալի իրադարձությունների պատկերացումները, հաղթահարելու ատելությունն ու վախը՝ մաքսիմալիստական դիրքորոշումների շուրջ փոխզիջումների գնալու համար»: