Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ես միշտ եմ այդպես հագնվել, մեր տանը միայն ես չեմ աշխատում»

Ապրիլ 21,2014 22:21

«Պառլամենտ մոնիթորինգ» կայքի տվյալներով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ամենաակտիվ պատգամավորների տասնյակում է:

Ռուզաննա Մուրադյանը, երբ դեռ նոր էր դարձել պատգամավոր, ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ շարժական եւ թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, դրամական միջոցներ չունի: Պատգամավորը նշել է, որ ունի ընդամենը 1 բնակարան` 61.5 քմ մակերեսով: Տարեկան դրամական եկամուտներն էլ կազմել է 307 հազար դրամ՝ աշխատավարձ:

Ուստի Aravot.am-ի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում, ինչ ՀՀԿ պատգամավոր է դարձել՝  նոր ավտոմեքենա կամ բնակարան, որեւէ թանկարժեք իր ձեռք չի՞ բերել: Տիկին Մուրադյանը պատասխանեց. «Եթե նայել եք իմ կենսագրությունը, պիտի տեսնեք, որ ես մանկավարժ եմ եղել, որեւէ բիզնես չունեմ, թանկ գույքերի չեմ տիրապետում եւ չունեմ: Լավ կլիներ, որ ունենայի եւ ցույց տայի»: Նա ասաց, որ մեքենա ունեն, բայց ունի ամուսինը. «Մեր մեքենան չի փոխվել: Այն, ինչ ունենք, նույնը մնացել է, ոչ մի փոփոխություն չի եղել: Չեմ կարծում, որ պատգամավորի աշխատավարձով հնարավոր է այդպիսի շքեղ գույք ձեռք բերել կամ միանգամից մեծ հարստություն կուտակել»:

Հարցին՝ բա մյուս Հանրապետականները ո՞նց են իրենց թույլ տալիս պատգամավորի աշխատավարձով այդքան հարստություն կուտակել՝ Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց. «Հարցրեք մնացածներին»:

ԱԺ նիստերին Ռուզաննա Մուրադյանը միշտ ներկայանում է՝ ասես հենց նոր է վարսավիրանոցից դուրս եկել՝ մազերը ուռուցիկ հարդարված, թանկարժեք կոստյումներով: Մեր հարցին՝ Ձեր աշխատավարձով ինչպե՞ս եք հասցնում խնամքին այդքան տեղ տալ, դա էլ է մեծ գումար պահանջում՝ տիկին Մուրադյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրիս արտաքին տեսքը առաջին հերթին  նաեւ հարգանք է լսարանի նկատմամբ: Իսկ այսօր մեր լսարանը շատ ավելի մեծ է, եւ մենք պատասխանատու ենք ամբողջ ժողովրդի առաջ: Պետք է ասեմ, որ անկեղծ ասած, իմ զգեստապահարանում էլ շատ բան չի փոխվել: Եթե դուք նայեք իմ նկարները, տարբեր միջոցառումներին նայեք իմ զգեստապահարանը, կտեսնեք, որ շատ բաներ կրկնվում են: Ես միշտ եմ այդպես հագնվել եւ միշտ եմ կարեւորել ղեկավար կնոջ արտաքին տեսքը՝ իր կառավարման արդյունավետության մեջ, որովհետեւ արտաքինով ընդունում են, խելքով ճանապարհում են: Իսկ արտաքինի հարդարված, խնամված լինելը եւ դասական ոճը հարգանք է առաջին հերթին քո եւ երկրորդ հերթին՝ դիմացինի նկատմամբ, ով քեզ հետեւում է, լսում է եւ ով քեզանից ակնկալիք ունի»:

Ինչ վերաբերում է այդ ամենի համար աշխատավարձը բավականացնելուն, Ռուզաննա Մուրադյանն ասաց. «Մեր տանը միայն ես չեմ աշխատում, նաեւ ունենք երեխաներ, ունեմ ամուսին: Իրենք միշտ հոգացել են իմ կարիքները եւ մինչեւ հիմա էլ հոգում են»:

Ակտիվ պատգամավորների տասնյակում տեղ գտնելու հետ կապված ՀՀԿ պատգամավորն ասաց, որ ինքը փորձում է ճիշտ պլանավորել իր ժամանակը եւ կարողանում է ժամանակ հատկացնել պատգամավորի իր գործունեությանը, դրա համար էլ ակտիվ է. «Հուսով եմ, որ ակտիվությունը գնահատվել է ոչ միայն ԱԺ դահլիճում բարձրացրած հարցերի քանակով, օրենսդրական առաջարկների քանակով, ելույթներով, այլ նաեւ ակտիվության մեջ պիտի գնահատվի նաեւ ընդհանուր հասարակական ակտիվ գործունեությունը՝ մինչ օրենսդրական նախաձեռնությունները պառլամենտ մտցնելը: Այսինքն՝ հանդիպումները, քննարկումները, նոր օրենսդրական նախաձեռնությունների առաջարկները: Ճիշտն ասած, ես շատ պատասխանատու եմ ինձ զգում այդպիսի գնահատականի համար: Կարծում եմ՝ իմ գործելաոճն է այդպիսին: Ես, երբ նախկինում դպրոցի տնօրեն էի, դարձյալ ակտիվ տնօրենների ցանկում էի եւ 2006-ին ճանաչվեցի ՀՀ լավագույն տնօրեն: Մարդու գործելաոճն իր բնույթով եւ բնավորությամբ չի փոխվում, դրսեւորման ձեւն է փոխվում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք քաղաքական դաշտում նոր մարդ եք, մինչ այդ դպրոցի տնօրեն եք եղել, մանդատը Ձեզ ի՞նչ տվեց՝ տիկին Մուրադյանը պատասխանեց. «Իմ կյանքում փոփոխությունն այն է, որ ավելի պատասխանատվությունը մեծանում է արդեն ոչ թե լոկալ որոշակի խնդիրների լուծման, որին առնչվում էիր քո աշխատանքի բերումով, այլ նաեւ ընդհանուր դաշտն է մեծացել: Կրթության դաշտից դուրս ես գալիս քաղաքականության դաշտ, առողջապահական, սոցիալական: Որքանով այսօր մարդկանց խնդիրներին, կարիքներին, հուզող հարցերին ես անդրադառնում, այդքանով նաեւ ճանաչելի ես  դառնում: Իսկ իմ ուշադրությունից դուրս չեն այդ ոլորտները, որովհետեւ առաջին հերթին պիտի փորձենք կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալով՝ առաջարկներ ներկայացնենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. string says:

    Ռուզաննա Մուրադյանը և մնացած ՀՀԿ աններ դուք Հայ ազգի թշնամիններն էք: Իմացեք գալու է պատասխան տալու ժամանակը!

    • Hayk says:

      Ստրինգ(անունդ ճիշտ եմ գրել?), ուշադիր կարդա գրածս—–հայ ազգի թշնամին նա է, ով քեզ համոզել է, թե « էս մի հայը մյուս հայի թշնամին է»: Մի թող , որ քեզ ապուշացնեն, էդ հիմար ատելությոնն այլեւս երբեք մի օգտագործիր քո ազգակիցների նկատմամբ: Ավելի լավ է ընդհանրապես ատելությունդ վերացնես:

  2. Hayk says:

    Տ. Մուրադյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում, հաճելի է, երբ հայ կինը խնամված ու գեղեցիկ տեսք ունի: Հավատացեք, դա բոլորին դուր է գալիս:

  3. ANI says:

    ՈՒրախ եմ, որ դեռ գոյություն ունեն Հայկի նման արժանապատիվ հայ մարդիկ, որը ոչ միայն գնահատում է հայ կնոջ գեղեցկությունը, այլև կարողանում է պաշտպանել հայ կնոջ պատիվը:
    Կեցցես Հայկ ջան!!!!!

  4. Lil says:

    Եթե բախտ ունենայիք անձամբ ճանաչելու Ռուզաննա Մուրադյանին, ապա միայն կհպարտանայիք, որ մեր խորհրդարանում նման ակտիվ կին քաղաքական գործիչ ունենք, ով աչքի է ընկնում ոչ միայն իր գեղեցկությամբ և նրբաճաշակությամբ, այլև բավականին ակտիվ է, բազմաթիվ անգամ բարձրացրել է մանկավարժներին և առհասարակ, հանրակրթության ոլորտին առնչվող հիմնահարցեր, գիտակ և խելացի անձնավորություն է, որից միշտ խելացի մարդիկ սովորելու բան ունեն, իսկ տգետներն ու չարախոսները միայն կարող են չարախոսությամբ զբաղվել:

  5. Mariam says:

    Ես բախտ ունեմ անձամբ ճանաչելու Ռուզաննա Մուրադյանին: Եվ կարող եմ վստահեցնել, որ Տիկին Մուրադյանը հոյակապ մարդ է, գիտակ և զարգացած մանկավարժ, պարտաճանաչ և ակտիվ քաղաքական գործիչ: Ես հպարտ եմ,որ մեր քաղաքական դաշտում կան Տիկին Մուրադյանի նման պարկեշտ և իր աշխատանքին նվիրված քաղաքական գործիչներ: Տիկին Մուրադյանը սիրող մայր է և տատիկ:
    Չի կարելի առանց մարդուն ճանաչելու չարախոսել և վորակավորել: Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ առկա են նման երևույթները:
    Տիկին Մուրադյան ցանկանում եմ Ձեզ լինեք միշտ գեղեցիկ, խնամված, քանի որ Դուք ոչ միայն քաղաքան գործիչ եք, այլ նաև հայ կնոջ վառ կերպար:

  6. Նա դպրոցի տնօրեն աշխատած տարիներին էլ շատ ակտիվ է եղել և այն եզակի պատգամավորներից է, որ իսկապես արժանի է այդ մանդատին:Ռուզաննա Մուրադյանը մեծ ավանդ ունի կրթության զարգացման գործում:

  7. ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ says:

    Տիկին Մուրադյանը այն եզակի մարդկանցից է, ով հոգում է ժողովրդի, հատկապես դպրոցի խնդիրները, ես մեծ պատիվ եմ համարում նրա նման պատգամավոր ունենալ մեր խորհրդարանում, նրան ճանաչող և ոչ մեկը դրականից բացի ուրշ բան չի կարող ասել նրա մասին:
    Իսկ ինչ մնում է հագուստին, փոխանակ հպարտանանք, որ մեր պատգամավորները կոկիկ և գեղեցիկ են հագնվում, դեռ մի բան էլ անուն ենք դնում? զարմանալի մտածելակերպ է, հետո էլ կարող է ասեն բա ինչիա այդքան ակտիվ? կարողա կողմնակի եկամուտ ունի, ուղղակի ծիծաղելի է:
    Տիկին Մուրադյան միշտ եղեք ակտիվ և մեր դպրոցներին էլ ակտիվացրեք, շնորհակալ ենք Ձեր աշխատանքի համար

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930