Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոճանակային միգրացիա` դեպի Ռուսաստան. «Մեդիալաբ»

Ապրիլ 21,2014 21:29

Ռուսախոսների համար Ռուսաստանի դռների բացվելը եւ քաղաքացիության տրամադրման դյուրացված կարգը, ըստ Արմեն Կիրակոսյանի հենց, այն է` ինչի մասին երազում էր:

«Կգնամ Սամարա, մարդավարի կաշխատեմ,-«Մեդիալաբին» ասում է  48-ամյա  Արմեն  Կիրակոսյանը, ով անցած տարեվերջին ՌԴ-ից Երեւան է վերադարձել ընտանիքի հետ Նոր տարին նշելու, սակայն հազարավոր հայրենակիցների նման հետ վերադառնալ չի կարողացել` օրենսդրական փոփոխությունների պատճառով:

«Քանի ամիս ա մնացել եմ Հայաստանում, փոխված օրենքի պատճառով չեմ կարողանում հետ գնալ, ոչ գործ ունեմ, ոչ էլ հույս: Կգնամ ու քաղաքացիություն կստանամ, մտածելու բան էլ չկա»,-ասում է նա:

Ապրիլի 16-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնային խորհրդում հավանության արժանանալուց հետո, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսաց լեզվի իմացություն ունեցողներին պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը:

Միգրացիայի հարցերով փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, թեեւ քաղաքացիություն ստանալու կարգը ՌԴ-ում հեշտացվում է ուկրաինական զարգացումներով պայմանավորված, համընդհանուր կիրառության դեպքում, եթե կյանքի կոչվի այնպես,  ինչպես գրված է օրենքում, Հայաստանից արտագաղթի տեմպերը կավելանան:

«Չմոռանանք, որ այդ  պարզեցված կարգից առաջ ունեցանք ՌԴ օրենսդրության փոփոխություն, որով  պայմանավորված մոտ երկու 100-220.000 ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելափակվեց: Այդ մարդկանց հիմնական մասը ՌԴ աշխատանքային միգրանտներն են, որոնք ցանկություն կունենան քաղաքացիություն ստանալով իրենց խնդիրը Ռուսաստանում աշխատանքի հետ կապված հեշտացնել»,-«Մեդիալաբին» ասում է Եգանյանը:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխություններով, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ ոչ ավելի, քան 90 օր: Ըստ այդմ, նրանք կարող են կրկին երկիր այցելել միայն 180 օրից: Օրենքը իսկական պատուհաս է դարձել բազմաթիվ հայ ընտանիքների համար, որոնք տասնամյակներ շարունակ գոյատեւել են Ռուսաստան մեկնող տղամարդկանց արտագնա աշխատանքի շնորհիվ:

Ռուսաստանից Հայաստան մտնող հսկայական տրանսֆերտները դրա վառ վկայությունն են: Միայն անցյալ տարվ առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է մտել 942,0 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է առնվազն 12 տոկոսով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների,  տրանսֆերտների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 797,0 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ՌԴ նախագահի այսօր ստորագրած օրենքով, Ռուսաստանի քաղաքացիություն կարող են ստանալ օտարերկրացիները, որոնք համարվում են ռուսաց լեզվի «կրողները» եւ որոնց կամ նրանց անմիջական ազգականները ապրում կամ ապրել են Ռուսաստանում, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ տարածքներում:   Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները ստիպված կլինեն հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից: Նշենք, որ քաղաքացիություն ձեռք բերելու համար նախկինում հարկավոր էր հինգ տարի շարունակ Ռուսաստանում կացության կարգավիճակով ապրել:

Միգրացիայի հարցերով փորձագետ Ռուբեն Եգանյանի խոսքով,  2007 թվականից մինչեւ այսօր Հայաստանից տարեկան 30. 000  մարդ է մեկնում եւ չի վերադառնում Հայաստան:

«Նրանց մոտ 50 տոկոսը կազմում են մշտապես էմիգրացվողները` այսինքն,  նրանք, ովքեր գնում են չվերադառնալու պատրաստակամությամբ եւ մնացածը կազմում են ժամանակավոր աշխատանքային միգրանտները, որոնք գնում եւ չեն վերադառնում, բայց կարող է վերադառնան, թե երբ եւ ինչու, դա այլ հարց է: Միգրանտների հիմնական մասը մեկնում է դեպի Ռուսաստան, փոքր մասը` այլ երկրներ»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Եգանյանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930