Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին: Ականատեսների պատմելով, ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք աղոթում էին, հանկարծ լսել են Վարդան Ղուկասյանի ձայնը, որը, կանգնելով Տեր Թաթուլի կողքին, ապաշխարողներին հորդորել է. «Քանի որ ես ինձ ամենամեղավորն եմ համարում, թույլ տվեք այսօր ես ընթերցեմ մեղայականը» ու իր երգեցիկ, հզոր ձայնով սկսել է աղոթքը: Հավատացյալների պատմելով, Վարդան Ղուկասյանի Յոթ Վերք եկեղեցի մտնելը, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել: Լսելով նրա զրնգուն ձայնը` ծնկի եկածները մեկ մյուսին ասել են. «Վայ, Վարդանը եկավ»:
Ի դեպ, նա եկեղեցի միայնակ չէր եկել, այլ իր տղայի ու շրջապատի հետ: Այնուհետ Գյումրու նախկին քաղաքապետը իր հեղինակած գրքերն է բաժանել, դրանից մեկը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին ու ժամը 10-ից սկսած մինչև վերջ մասնակցել է եկեղեցական արարողությանը: Հավատացյալներին, թերևս, ամենաշատ ոգևորել է այն, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ու Վարդան Ղուկասյանը այդ սուրբ օրով հաշտվել են:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ նրանց ջրերը մի առվով չէին հոսում, բանը հասել էր նրան, որ Վարդան Ղուկասյանը ստորագրահավաք էր կազմակերպում `փորձելով պաշտոնանկ անել հոգևոր առաջնորդին: Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ իր հերթին խիստ քննադատական ելույթներ էր հնչեցնում Վարդան Ղուկասյանի հասցեին: Իսկ շաբաթ օրը փաստորեն երկուսով պատարագ անցկացրեցին ` ի սրտե ուրախացնելով հաշտության ձգտող հավատացյալներին:
Նշենք, որ ըստ մեր աղբյուրների, Գյումրու նախկին քաղաքապետը Զատիկի կապակցությամբ նաև մատաղ է արել ու բաժանել աղքատներին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բարեպաշտությունը հատուկ է վեհության խորը զգացում ունեցող անհատներին: Կեցցեն Սրբազանը և Վարդան Ղուկասյանը: